ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Ավարտվեց վարչապետ Փաշինյանի բանակցությունը ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորների հետ:
«Կառուցողական հանդիպում էր և լուրջ նախադեպ՝ քաղաքական կուլտուրայի տեսանկյունից»,- ասաց ՀՀ վարչապետը հանդիպումից անմիջապես հետո՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Ըստ Փաշինյանի՝ ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան, ինչպես նախանշվել էր, դեկտեմբերին:
Իսկ դուրս գալով խորհրդարանի բակ, որտեղ նրան սպասում էին բազմաթիվ քաղաքացիներ, Փաշինյանը խնդրեց և հորդորեց այլևս ոչ մի վիրավորական կոչ կամ գրառում չանել և չհնչեցնել՝ ուղղված այդ խմբակցությունների ներկայացուցիչներին:
Այնուհետև ՀՀ վարչապետը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում հանդիպել իր խոսքով՝ ընկերների հետ, որոնց հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհները:
Վարչապետը կրկին տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում է հրաժարական տալ. այս հայտարարությունը հավաքված քաղաքացիները դժկամությամբ ընդունեցին, բայց և շարունակեցին լսել:
Փաշինյանը ներկայացրեց, որ ըստ նախնական պայմանավորվածության իրենք պետք է ստորագրեն փաստաթուղթ, ըստ որի իր հրաժարականից հետո ոչ մի խմբակցություն վարչապետի թեկնածու չի առաջադրի 2 անգամ:
Դրանից հետո դեկտեմբերին հնարավոր կլինի անցկացնել խորհրդարանական ընտրություններ, քանի որ Ազգային Ժողովի ներկա կազմը կարձակվի օրենքի ուժով:
Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ըստ բանավոր պայմանավորվածության և ըստ խոսակցության լոգիկայի իր ընկալման՝ երեք խմբակցություններն էլ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն վարչապետի թեկնածու չեն առաջադրի:
Նա նաև պատմեց, թե ինչ հիմնավորումներ է ներկայացրել ի օգուտ Ազգային Ժողովի ներկա կազմի արձակման. դա հիմնականում այն է, որ այս խորհրդարանը, ըստ իրեն, չի արտացոլում քաղաքացիների կամքը և երկրում հաստատվել է քաղաքական ճգնաժամ:
Վարչապետը նաև հայտարարեց, որ Ազգային Ժողովի բակն այսուհետ բաց կլինի քաղաքացիների համար: