Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրն Արցախում սգո օր կհայտարարվի

Ֆրանսիահայ շանսոնյեի հուղարկավորության օրը Հայաստանում ևս կհայտարարվի սգո օր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Արցախում սգում են ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը։ Աշխարհահռչակ երգչին իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար Արցախի Հանրապետությունում նրա հուղարկավորության օրը սգո օր կհայտարարվի։

Այս մասին տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

«Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում կհայտարարվի սգո օր»,–գրել է նա։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել է, որ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում կհայտարարվի սգո օր։

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ` ի հիշատակ Ազնավուրի

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը։ Նշանավոր ֆրանսիահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։