Երևանում եռյակ է ծնվել. հարազատները դիմում են Նիկոլ Փաշինյանին

Ամուսինները բնակարանի խնդիր ունեն, հարազատները հույս ունեն, որ Փաշինյանը «մի բան կանի»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Երևանում՝ Հանրապետական ծննդատանը, հերթական եռյակն է ծնվել՝ 1 տղա, 2 աղջիկ։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Երեխաները ծնվել են այսօր` հոկտեմբերի 3-ին, Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, ժողովրդին հայտնի հանրապետական ծննդատանը:

Երեխաների մայրը` Լիլիթ Սիմոնյանը, 27 տարեկան է, հայրը` Գոռ Կարապետյանը` 32 տարեկան։

«3 տարի առաջ այս օրը մենք ամուսնացանք և 3 տարի հետո եռյակ ունեցանք՝ 1 տղա, 2 աղջիկ»,- ասել են ամուսինները:

Հիվանդանոցի մոտ հավաքված Գոռի և Լիլիթի բարեկամներն ու ընկերները խնդրանքով դիմում են կառավարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասելով. «Եռյակի հայրն ու մայրը բնակվում են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1 սենյականոց բնակարանում: Նրանց խնդրանքն է, որ կառավարությունը աջակցի՝ հիփոթեքով տուն վերցնեն: Նրանք ոչինչ չեն ուզում, միայն այդ հարցով կառավարությունը ընդառաջի և սատար կանգնի: Ու մենք գիտենք, որ վարչապետը հաստատ մի բան կանի»:

Իսկ հետո կատակելով ասել են` եթե բնակարանի հարցով կառավարությունը օգնության ձեռք մեկնի, չի բացառվում հերթական եռյակը ընտանիքում ծնվի: