ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը թեպետ աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում, բայց ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին տեղեկացնում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հանրապետության նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ. նրանք քննարկել են ստեղծված իրավիճակը։
Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երևան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության ու Ազգային ժողովի ղեկավարության հետ:
Նախագահը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական միմյանց հանդեպ և համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է ու պետք է հանգուցալուծել Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ բանակցության և երկխոսության ճանապարհով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Միացյալ Նահանգներից Հանրապետության նախագահը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին