ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ` ի հիշատակ Ազնավուրի

Սգո մատյանները բացվել են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանձնարարականով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են Սգո մատյաններ`աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։

Ցանկացողները կարող են իրենց սրտի խոսքը թողնել` ի հիշատակ ֆրանսիահայ երգչի։

Սովորական մարդը լեգենդից. «Ռուբլյովկա՛»... Ազնավուրը «կորպորատիվների» չի գնում

«Ազգային հերոս Շառլ Ազնավուր մահվան կապակցությամբ` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ»,–գրել է նա:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը։ Նշանավոր ֆրանսիահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։