Զանգելուց առաջ մտածեք`ձեր մասին ամեն ինչ կարող է հայտնի դառնալ. ԱԺ-ն նոր օրինագիծ ընդունեց

Շտապ օգնություն, փրկարար ծառայություն ու ոստիկանություն զանգահարողների անձնական տվյալներն այսուհետ հայտնի կդառնան այդ ծառայությունների հեռախոսավարներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Շտապ օգնություն, փրկարար ծառայություն ու ոստիկանություն զանգահարելիս այսուհետ զանգահարողի գտնվելու վայրը կորոշվի ավտոմատ տեղորոշման համակարգով:

ԱԺ- այսօր ընդունեց պատգամավորների մտահոգությունն առաջացրած այս օրինագիծը:

Կառավարության հեղինակած օրենքով նախատեսվում է 9-11, 1-02 և 1-03 համարներին կատարվող զանգերի համար կիրառել ավտոմատ տեղորոշման համակարգ։

Հետաձգված ԱԺ նիստը սկսվեց և տևեց 10 րոպե

Միաժամանակ, վերոհիշյալ ծառայությունների հեռախոսային աշխատակցի համար հասանելի են լինելու զանգահարող քաղաքացու անձնական տվյալները: Կառավարությունն իր առաջարկը հիմնավորել էր նրանով, որ շատ հաճախ այդ համարներով զանգահարող քաղաքացիները չեն կարողանում նույնիսկ մոտավոր ներկայացնել իրենց գտնվելու տեղը, այսինքն` դեպքի վայրի հասցեն կամ որոշ անձնական տվյալներ հաղորդել։ Դրա հետևանքով անհրաժեշտ օգնությունը հաճախ ուշանում է։

Օրինագծի քննարկման ժամանակ պատգամավորները մտահոգություն էին հայտնել, որ անձնական տվյալների գաղտնազերծումը կարող է մարդու իրավունքների խախտման հանգեցնել:

Այդուհանդերձ, խորհրդարանն այսօր 54 կողմ ձայնով հաստատեց կառավարության ներկայացրած «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: