Փաշինյանի կազմակերպած հանրահավաքի ընթացքում 4 քաղաքացու են հոսպիտալացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո երեկ ուշ երեկոյան քաղաքացիները հավաքվել էին Բաղրամյան պողոտայում և շրջափակել ԱԺ շենքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Երևանում կազմակերպված հանրահավաքի ընթացքում` հոկտեմբերի 2-ին, վատ ինքնազգացողության պատճառով շտապօգնության ծառայությունը հոսպիտալացրել է 4 քաղաքացու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Նրանցից 3-ին տեղափոխել են թիվ մեկ համալսարանական կլինիկա, մյուսին` «Նաիրի» բժշկական կենտրոն` ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ: Վատ ինքնազգացողություն ունեցողներից մեկի մոտ արձանագրվել է ֆիբրիլացիա, կատարվել է դեֆիբրիլացիա (սրտի ռիթմի գործիքային վերականգնում)»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հանրահավաքի ժամանակ տեղում ծառայություն են իրականացրել շտապօգնության 6 բրիգադ:

Վատ ինքնազգացողություն ունեցող քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն:

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 2-ին, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ քվեներով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Օրինագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։

Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել էին Բաղրամյան պողոտայում և շրջափակել ԱԺ շենքը: Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետը հայտարարեց, որ քաղաքական առումով աննախադեպ հանդիպում էր, և որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին: