«Սենց վիճակ ա». Փաշինյանը լուսանկարվում է ԱԺ–ի այգի մտած քաղաքացիների հետ. տեսանյութ

ՀՀ վարչապետը ցույց տվեց, թե ինչ է կատարվում Ազգային ժողովի այգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում ցույց է տվել Ազգային ժողովի այգին ու այնտեղ շրջող մարդկանց։

«Սենց վիճակ ա, տեսա, որ այգին բաց է, քաղաքացիները շրջում են, ուզեցի ցույց տալ, թե ինչ է կատարվում Ազգային ժողովի այգում»,- ասաց նա։

Քաղաքացիների հարցին, թե ԱԺ-ի այգու դռները երբ են փակվելու, վարչապետը պատասխանեց. «Ինձ թվում է` այլևս չեն փակվելու»։

Նա լուսանկարվեց այգու այցելուների հետ և նկատեց, որ տարածքում մաքրության խնդիր կա։

«Ցանկացա ցույց տալ, որ Ազգային ժողովի դռները բաց են, և քաղաքացիներն ազատ զբոսնում են։ Իհարկե, մի քիչ մտահոգված եմ, գուցե երեկվանից հետո է, որ սանիտարական վիճակն այնքան էլ բարձր մակարդակում չէ, հուսով եմ` այդ հարցը կլուծվի, այգին այս վիճակում չի մնա»,- ասաց նա։

ԱԺ-ի Բաղրամյան մուտքի դարպասներն այսօր առավոտյան 10։00-ից բացվեցին ու կփակվեն 23։30-ին, ինչպես երեկ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։