ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ կանոնակարգ օրենքում ՀՀԿ խմբակցության պատգամավորների առաջարկած փոփոխությունների նախագծի քննարկումը հապճեպ չէր: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` լրագրողներին հորդորելով չտրվել քարոզչական հնարքների ազդեցությանը:
Նա նշեց, որ օրինագիծը նախատեսվում էր քվեարկել դեռ երեկ ցերեկը` նախագծի քննարկման ավարտից անմիջապես հետո: Բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով քվեարկությունը հետաձգվել է:
«Երբ պարոն Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվեարկության խնդիրներ կան, այդ ընթացքում կուլուարներում տեղի է ունեցել գործընթաց: Վարչապետը մտել է բանակցությունների մեջ մեր ֆրակցիայի ղեկավարի հետ, Աժ նախագահի հետ: ԱԺ նախագահը և ֆրակցիայի ղեկավարը նրանք վարչապետին ասել են, որ եթե ուզում եք քաղաքական գործընթացը, բանակցությունները շարունակենք, ապա այդ պահին կսառեցնենք քվեարկությունները, որպեսզի բանակցությունների ևս մի ռաունդ անեն: Բայց վարչապետը եկել է բանակցությունների, ներս է մտել, ասել է` ես եկել եմ ասեմ` բանակցություններ չեն լինելու, իմ վրա հույս չդնեք, դեկտեմբերին ընտրություններ են»,- պատմեց Աշոտյանը:
Իսկ արդեն երեկոյան արտահերթ կարգով հրավիրված նիստը, ՀՀԿ փոխնախագահի բնորոշմամբ, «ընդամենը ցերեկվա սովորական ընթացիկ քվեարկության շարունակությունն էր»:
Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 2-ին, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ քվեներով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Օրինագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։
Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել էին Բաղրամյան պողոտայում և շրջափակել ԱԺ շենքը: Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետը հայտարարեց, որ քաղաքական առումով աննախադեպ հանդիպում էր, և որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին: