Հայաստանը դա թույլ չի տա. Փաշինյանը խոսեց Ադրբեջանի` ՀԱՊԿ–ի անդամ դառնալու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀԱՊԿ նոր անդամների մասին որոշումները կայացվում են կոնսեսուսի հիման վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանը երբեք չի լինի ՀԱՊԿ-ի անդամ կամ նույնիսկ դիտորդ. Հայաստանը դա թույլ չի տա։ Այսօր ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցին։

Նշենք` սկզբում հարցերի համար հերթագրվել էին միայն «Ելք» դաշինքի ու ՀՅԴ Դաշնակցության պատգամավորները, սակայն հետո նրանց միացավ Աշոտյանը, և նրա անունն ավելացրին ցուցակում։

Փաշինյանը նշեց, որ նման հարցերը լուծվում են կոնսենսուսով, և, բնականաբար, ստեղծված հարաբերությունների ու ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում անիմաստ է այդ մասին խոսել։

«ՀՀ-ն երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ռազմաքաղաքական մեր հիմնական կազմակերպության անդամ կամ թեկուզ դիտորդ», — նշեց Փաշինյանը։

Նա ավելացրեց, որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի ինտեգրման մասին բոլոր խոսակցություններն անհիմն են։

Հիշեցնենք` Ադրբեջանը Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրել է 1993 թվականի սեպտեմբերին, սակայն 1999 թվականին հրաժարվել է երկարացնել այն։