Արմավիրի մարզպետն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին

ԲՀԿ մանդատով մարզպետ նշանակված Գագիկ Միրիջանյանը վստահեցրել է, որ միշտ լինելու է արմավիրցիների կողքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:

«Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի գործընկերներ, լինելով անկուսակցական՝ ԲՀԿ մանդատով նշանակվել եմ ՀՀ Արմավիրի մարզպետ: Ելնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից՝ այսօր աշխատանքից ազատման համապատասխան դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- գրել է նա:

Միրիջանյանն ընդգծել է, որ պատասխանատվության շատ բարձր գիտակցումով է ընդունել Արմավիրի մարզպետի պաշտոնն ու արել հնարավորը Արմավիրի մարզի զարգացման և բնակչության կենսամակարդակի բարելավման համար:

«Կարող եմ վստահաբար ասել, որ արդարացրել եմ ի պաշտոնե ինձ վերապահված գործառույթների կատարումը: Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, համայնքապետեր,հարգելի գործընկերներ, համոզված եղեք, որ ի դեմս ինձ դուք ունեք լավ ընկեր ու բարեկամ, որը միշտ ձեր կողքին է լինելու` անկախ հանգամանքներից»,- նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք` երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։ Մինչ այդ ՀՅԴ-ն արդեն հետ էր կանչել իր 2 նախարարներին: Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր նախարարներին ազատելու հրամանագրերը։ Մասնավորապես, աշխատանքից ազատվել են Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը (ԲՀԿ), Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը (ԲՀԿ), Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ), Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը (ԲՀԿ), գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը (ՀՅԴ) և տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ):

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 2-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ քվեներով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Օրինագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։