ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. ՀՀԿ-ն պատրաստ է ԱԺ արտահերթ ընտրությունների, բայց 2019 թվականի գարնանը։ Այսօր լրագրողներին այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նա միաժամանակ նշեց, որ դեկտեմբերին ընտրություն անցկացնելու որևէ քննարկում չի եղել։
Բաղդասարյանը նաև մանրամասներ հայտնեց իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին։
«Մենք նախօրոք պայմանավորվածության արդյունքում պատրաստակամություն էինք հայտնել, որ տրամաբանական ժամկետներում, օրենքները կարգավորելուց հետո գարնանը պատրաստ ենք միասնական ու համերաշխ գնալ արտահերթ ընտրությունների: Մեր միջև պայմանավորվածություն էր եղել, որ քննարկում կազմակերպեինք: Եվ ԱԺ Կանոնակարգ օրենքի նախագիծը դեռ այդ օրը առավոտյան Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում էր: Հաջորդ օրն առավոտյան զանգ է եղել ինձ՝ խնդրանքով, որ չդնենք քվեարկության, որպեսզի գանք, քննարկենք, որպեսզի որոշում կայացնենք: Դրանից հետո նորից վարչապետը եկել է ինձ մոտ, արդեն ոչ թե քննարկման, այլ իրազեկելու, որ մենք գնում ենք արտահերթ ընտրության»,- ասաց Բաղդասարյանը:
Նրա խոսքով` եթե բանակցությունների արդյունքում լինի այնպես, որ մշակվեն բոլոր օրենքները, ժամանակը բավարարի պատրաստվելու համար, ՀՀԿ-ն տրամաբանական ժամկետներում պատրաստ է արտահերթ ընտրությունների։
«Սակայն չի եղել բանակցությունների որևէ առաջարկ, պարզապես եղել է իրազեկում»,- ասաց Բաղդասարյանը։
Երեկ` հոկտեմբերի 2-ին, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ քվեներով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Օրինագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։
Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվեցին Բաղրամյան պողոտայում և շրջափակեցին ԱԺ շենքը:
Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետը հայտարարեց, որ քաղաքական առումով աննախադեպ հանդիպում էր, և որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին: