Վերջնական որևէ պայմանավորվածություն չի եղել. ԲՀԿ-ն մնում է իր տեսակետին. Մելքումյան

ԲՀԿ-ն շարունակելու է քննարկումները ՀՀ վարչապետի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. ԲՀԿ-ն արտահերթ ընտրությունների գաղափարին դեմ չէ, դեմ է դրանք հապճեպ անցկացնելուն: Այս մասին այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ« «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր  Միքայել Մելքումյանը:

Արմեն Սարգսյանը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական միմյանց հանդեպ

«Մենք մնում ենք մեր տեսակետին՝ արտահերթ ընտրությունները մինչև մեկ տարվա ընթացքում՝ մայիսին, հունիսին. հիմնավորումն այն է, որ պետք է լինի նոր Ընտրական օրենսգիրք, որը հիմա չկա», — ասաց Մելքումյանը` միաժամանակ չբացառելով դրա շուտափույթ ու կարճ ժամկետում ընդունումը:

Անդրադառնալով երեկ ՀՀ վարչապետի հետ ունեցած հանդիպմանը` Մելքումյանն ասաց. «Կառավարությունը մնաց իր տեսակետին՝ արտահերթ ընտրությունները նախատեսվում է դեկտեմբերին: Խոսակցություն եղել է բոլոր թեմաների շուրջ, բայց վերջնական, պաշտոնական որևէ պայմանավորվածություն չի եղել»:

Մելքումյանը հայտարարեց նաև, որ քաղաքական ուժերը պայմանավորվել են շարունակել արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումները:

Հոկտեմբերի 2-ին 2-րդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ ձայներով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Օրինագծին կողմ են քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։

Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել էին Բաղրամյան պողոտայում և շրջափակել ԱԺ շենքը: Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետը հայտարարեց, որ քաղաքական առումով աննախադեպ հանդիպում էր, և որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին: