ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետների վերաբերյալ քաղաքական ուժերի միջև պայմանավորվածություն գոյություն չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Որևէ մեկն արտահերթ ընտրություններին դեմ չէ, խնդիրը միայն ժամկետների մեջ է։ Վարչապետը պնդում է, որ պետք է լինի դեկտեմբերին, իսկ մեր համոզմամբ՝ պետք է գնալ ընտրությունների միայն նոր Ընտրական օրենսգրքով»,- ասաց Ռուստամյանը։
Նա նաև նշեց, որ ՀՅԴ-ն արտահերթ ընտրություններն ընդունում է Հայաստանի գործող սուպերվարչապետական համակարգը ավելի սահմանափակ հնարավորություններով վարչապետականով փոխարինելուց հետո միայն։
Իսկ դրա համար, ըստ Ռուստամյանի, ոստիկանությունը պետք է կառավարության ենթակայության տակ չլինի, այլ ԱԺ-ի։
«Այս փոփոխության հետ էլ է վարչապետը համաձայն։ Մնում է հարցը՝ ինչքա՞ն ժամանակ հատկացնել, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը պատշաճ կերպով նոր իրավիճակին ադապտացվեն ու մասնակցությունը լինի բոլորի համար հասկանալի պայմաններում», — ասաց Ռուստամյանը։
Բոլոր այդ պայմանների ապահովման համար, ՀՅԴ ներկայացուցչի հաշվարկով, բավական ժամանակ է անհրաժեշտ։
Երեկ` հոկտեմբերի 2-ին, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ քվեներով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Օրինագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։
Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվեցին Բաղրամյան պողոտայում և շրջափակեցին ԱԺ շենքը:
Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետը հայտարարեց, որ քաղաքական առումով աննախադեպ հանդիպում էր, և որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին: