Աշոտյանը Փաշինյանի գործողությունները դիտարկում է աշխարհաքաղաքական խաղերի շրջանակներում

ՀՀԿ փոխնախագահը Նիկոլ Փաշինյանի երեկվա գործողությունները համարում է նախապես ծրագրված, գուցե ինչ-որ աշխարհաքաղաքական խաղերի շրջանակներում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը ԱԺ քաղաքական ուժերի հետ երեկվա հանդիպումը կոչել է «իրազեկում»: Այսօր լրագրողների հետ զրույցում հիշեցրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` հավելելով, որ դա պայմանավորվածություն չենթադրող ֆորմատ է:

Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ կգա խորհրդարան

«Ստացել եմ կայուն տպավորություն, եթե չասեմ, որ տեղեկացված եմ, որ Նիկոլ Փաշինյանի որոշումը` հրաժարական տալ և գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, նախապես ծրագրված էր: Դրա մասին նախ խոսեց մինչև երեկվա օրենքի ընդունումը, Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո, և պիտի ասեմ` գնահատականս այնպիսի է, որ երեկվա օրինագծի ընդունումն ուղղակի պատրվակ էր սեփական քաղաքական ծրագրերը կյանքի կոչելու»,- ասաց Աշոտյանը:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Աշոտյանը դրանց կարիքը չի հերքում, բայց նշում է, որ մինչ այդ անհրաժեշտ է ընդունել նոր ԸՕ, ստանալ դրա վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքը և քաղաքական ուժերին էլ ժամանակ տալ ադապտացվելու նոր խաղի կանոններին:

Իսկ մինչ այդ հապճեպ արտահերթ ընտրությունների անցկացումը ՀՀԿ փոխնախագահը վտանգավոր է համարում: «Նիկոլ Փաշինյանն օր առաջ ուզում է ԱԺ-ում ունենալ մեծամասնություն` կապիտալիզացնելու համար սեփական վարկանիշը, և, Աստված մի արասցե` գուցե որևէ աշխարհաքաղաքական խաղերի շրջանակներում»,- ասաց նա:

Վարչապետի սեփական թեկնածու չառաջադրելու խոստում ՀՀԿ-ն չի տալիս` հավելելով, որ դա կարող է լինել միայն արտահերթ ընտրությունների շուրջ պայմանավորվածությունների փաթեթի շրջանակներում:

Հոկտեմբերի 2-ին 2-րդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ ձայներով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Օրինագծին կողմ են քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։

Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել էին Բաղրամյան պողոտայում և շրջափակել ԱԺ շենքը: Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետը հայտարարեց, որ քաղաքական առումով աննախադեպ հանդիպում էր, և որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին: