ՌԱԴԻՈ

Բադալյան. «Նրանք պիտի փոխեին իրենց իմիջը, հատկապես` ՀՀԿ–ն»

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է քաղաքական դաշտում տեղի ունեցած իրադարձությունների մասին։
Sputnik
Արմեն Բադալյան

Քաղտեխնոլոգը համարում է, որ Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունները պետական կառավարման համակարգում իշխանափոխություն էր, իսկ հասարակության գիտակցության մեջ` հեղափոխություն։

Փոթորկված Երևանը կամ Նիկոլ Փաշինյանը կրկին գլխարկով ու բարձրախոսով է. տեսանյութ

«Քաղաքական տրամաբանությունը հուշում էր, որ Հայաստանում գործող ազդեցիկ քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը, ադապտացվեն դրան և ըստ այդմ գործողություններ իրականացնեն։ Այսինքն` փոխեն իրենց իմիջը։ Եվ դա հատկապես վերաբերում էր ՀՀԿ-ին»,- ասաց Բադալյանը։

Նրա խոսքով` տրամաբանական էր այդ գործողությունների համար ժամանակահատված տրամադրել մինչև մյուս տարվա մայիս, և ԱԺ-ի արտահերթ ընտրություններն անցկացնել այդ ժամանակ։

«Սակայն սեպտեմբերի 23-ին նախորդած ժամանակահատվածը ցույց տվեց, որ այդ ուժերը բնավ էլ մտադրություն չունեն ադապտացվելու և իմիջ փոխելու, հատկապես` ՀՀԿ-ն։ Ավելին` սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ Երևանի ավագանու ընտրությունը, և այդ ուժերից երկուսը` ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ջախջախիչ պարտություն կրեցին»,- ասաց Բադալյանը։

Ըստ նրա` քաղաքական տրամաբանությունը հուշում էր, որ սեպտեմբերի 23-ից հետո նրանք իրենց նախարարներին պետք է դուրս բերեին կառավարությունից, այսինքն` տարանջատվեին վարչապետի թիմակիցներից, դառնային ընդդիմություն և, կատարելով իմիջային փոփոխություններ, պատրաստվեին ԱԺ արտահերթ ընտրությունների։

«Բայց դա էլ տեղի չունեցավ։ Սեպտեմբերի 23-ին հաջորդած իրադարձությունները ցույց տվեցին, որ նրանց տրված ժամանակահատվածն անիմաստ էր, որովհետև այդ ուժերը ինչպես մինչ այդ չադապտացվեցին և իրենց իմիջի ուղղությամբ գործողություններ չիրականցրին, այնպես էլ սեպտեմբերի 23-ից հետո չփորձեցին այդ ուղղությամբ քայլեր անել»,- ասաց քաղտեխնոլոգը։

Ըստ Բադալյանի` ստեղծվեց մի իրավիճակ, երբ նրանք պարզապես ադեկվատ չէին իրավիճակին, ինչն արդեն վտանգավոր էր դառնում։

«ԱԺ-ում ոչ ադեկվատ ուժերի առկայությունը կարող էր հանգեցնել ոչ ադեկվատ որոշումների, ինչն էլ տեղի ունեցավ երեկ»,- ասաց նա։

Երեկ` հոկտեմբերի 2-ին, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ քվեներով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Օրինագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։

Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվեցին Բաղրամյան պողոտայում և շրջափակեցին ԱԺ շենքը:

Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետը հայտարարեց, որ քաղաքական առումով աննախադեպ հանդիպում էր, և որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին: