ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Հանրահայտ երգիչ Սալվատորե Ադամոն խոստովանել է, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հեղինակությունն ու նրա «կոտրված ձայնն» են ազդել իր ճակատագրի և կարիերայի վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշենք, որ 94 տարեկան Ազնավուրը մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։
«Ազնավուրն իմ վոկալային ալիբին դարձավ հորս համար, որը կարծում էր, թե ձայնի անհաջող փոփոխության պատճառով ես այլևս չպետք է երգեմ Սուրբ Մարտին եկեղեցու ծխական երգչախմբում: Երբ լսեցինք Ազնավուրին, հորս ասացի. «Տեսնում ես` նրա ձայնը «կոտրված է»: Եվ դա ինձ համար ալիբի դարձավ», — RTBF հեռուստառադիոընկերության եթերում պատմել է 74-ամյա Ադամոն:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։
Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։
Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։