ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մի օր Վրաստանում համերգի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն խոստովանել է, որ իր ընտանիքում վրացերեն են խոսել։ Այս մասին Սահակաշվիլին գրել է Facebook-ի իր պաշտոնական էջում։
«Մահացել է հանճարեղ Շառլ Ազնավուրը։ Մարդկության պատմության մեջ փառահեղ երգիչներից ու պոետներից մեկը կապված էր Վրաստանի հետ։ Նրա ծնողները էթնիկ հայեր են, ծնվել ու մեծացել են Ախալցխայում, Փարիզում վրացական խոհանոցի ռեստորան ունեին», — գրել է Սահակաշվիլին։
Նրա խոսքով` Շառլը, որի հետ մտերիմ է եղել վերջին 20 տարիներին, պատմել է, որ մանուկ հասակում իրենց տանը վրացերեն են խոսել։ Կյանքի վերջում նա իրականացրել է իր երազանքը` երգել է հարազատ քաղաքում, «Ռաբաթ» բերդի բացման ժամանակ։
«Կախարդական երեկո էր, որը հավերժ կմնա Վրաստանի և համաշխարհային արվեստի պատմության մեջ», — գրել է Սահակաշվիլին։
Հիշեցնենք, որ Ազնավուրյանների տոհմը որոշ աղբյուրների համաձայն` ծագում է Արևմտյան Հայաստանից (ներկայիս Թուրքիա)։ Ազնավուրի հորական պապը` Միսաք Ազնավուրյանը, հայտնի խոհարար էր, որն իր կյանքի վերջին տարիներն ընտանիքի հետ անցկացրել է Փարիզում։ Մահացել է 1938 թվականին։ Մաեստրոյի հայրը` Մամիկոնը, ծնվել է Ախալցխայում 1897 թվականի մայիսի 26-ին։
Մամիկոնը դերասան էր և նույնիսկ հասցրել է աշխատել Թբիլիսիի թատերախմբում, որի հետ հյուրախաղերի է մեկնել Կոստանդնուպոլիս (այժմ` Ստամբուլ)։ Ավելի ուշ նա ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ հանդիպել է Իզմիրում ծնված կնոջը` Քնար Բաղդասարյանին։
Նրանք ամուսնացել են 1922 թվականի հունվարի 22-ին, իսկ մեկ տարի անց ծնվել է նրանց դուստրը` Աիդան, երկու տարի անց` 1925 թվականին, Փարիզում ծնվել է Շառլ Ազնավուրը։