ՌԱԴԻՈ

Բաղդասարյան. «Դա թող մնա իմ ու Նիկոլ Փաշինյանի գաղտնիքը»

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից ասաց, որ կարողացել են ձեռք բերել նորմալ պայմանավորվածություններ:
Sputnik
Վահրամ Բաղդասարյան

«Մենք չէինք նստել որոշում կայացնելու, մենք եկել էինք ապագա բանակցությունների համար պայմանավորվածություններ ձեռք բերելու և դրանք ձեռք ենք բերել»,- երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ի՞նչ քննարկեցին Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը

Նա նշեց, որ այս բանակցությունները շարունակական են լինելու, իսկ ՀՀԿ-ն կողմ է, որ հարցը լուծվի սահմանադրական ճանապարհով:

«Մենք պետք է գնանք Սահմանադրական ճանապարհով: Եթե լինեն անհրաժեշտություններ, ցանկացած փոփոխություններ, որոնք միտված կլինեն մեր երկրի զարգացմանը, մենք չենք կարող կողմ չլինել: Մենք պետք է ունենանք այնպիսի խորհրդարան, որտեղ կլինի իրական ընդդիմություն»,-ասաց Բաղդասարյանը՝ շեշտելով, որ արտահերթ ընտրություններն արագ կազմակերպելով կզրկեն մյուս կուսակցություններին այդ ընտրություններին պատրաստվելու հնարավորությունից:

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ ժողովուրդը դուրս կգա փողոց, Բաղդասարյանն ասաց, որ այդ ամբողջ պատասխանատվությունը իշխանությունն է կրելու։ Նա նշեց, որ ՀՀԿ-ի քայլերը լինելու են ընտրություններին նախապատրաստվելը, իսկ հերթակա՞ն, թե՞ արտահերթ, նշեց, որ բանակցությունները ցույց կտան:

«Փողոց դուրս գալով պառլամենտ չեն ձևավորում: Մենք պետք է ունենանք լիարժեք քաղաքական պառլամենտ, որ իշխանությանը հարիր ընդդիմություն ձևավորվի, և դրա համար ժամանակ է պետք, ոչ թե ոգևորության, այլ ճիշտ գնահատականների արդյունքում ձևավորվի»։

«Իսկ ինչու հանդիպման ընթացքում չհաջողվեց ձեռք բերել վերջնական պայմանավորվածություն, և Նիկոլ Փաշինյանը չստացավ ՀՀԿ-ի վերջնական համաձայնությունը» հարցին Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դա թող մնա իմ ու Նիկոլ Փաշինյանի գաղտնիքը»: