Հայաստան կգա ռոբոտ Սոֆյան

Մարդանման ռոբոտը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված համաժողովին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Ռոբոտ Սոֆյան, որն օժտված է արհեստական բանականությամբ, կժամանի Հայաստան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողներին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը։

Հայերի մասին հին անեկդոտն իրականություն է դարձել. Սոֆյայի ուղեղը «պայթել է» ճգնաժամի մասին հարցից

Սոֆյան որպես խոսնակ կմասնակցի բիզնես համաժողովին, որը կանցկացվի Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում։

Մարդանման Ռոբոտը կմասնակցի հարց ու պատասխանին:

Սոֆյան կնոջ տեսքով ռոբոտ է, որը մշակել է Հոնկոնգի Hanson Robotics ընկերությունը։ Ռոբոտն այնպես են նախագծել, որ նա սովորի և ադապտացվի մարդկանց պահվածքին, նաև աշխատի նրանց հետ։ 2017թ-ի հոկտեմբերին Սոֆյան դարձել է Սաուդյան Արաբիայի հպատակ և առաջին ռոբոտը, որին ինչ-որ երկրի քաղաքացիություն են տվել։

Բիզնես համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 9-10-ը: Հոկտեմբերի 9-ին բոլոր մասնակիցները կայցելեն ցուցահանդես, «Դիջիթեք», Երևանի կոնյակի գործարան: Հոկտեմբերի 10-ին տեղի կունենա բիզնես համաժողովի բացումը: Այն կանցկացվի երեք զուգահեռ թեմաներով՝ ինդուստրիալ հեղափոխություն, կայուն զարգացում, կոմերցիոն հարաբերություններ, արտահանում և ներմուծում: