Լենա Նազարյանը բացահայտել է ՀՀԿ–ի վախը

Պատգամավորը պարզել է` ինչից է վախենում ՀՀԿ–ն ու ինչ նպատակով է առաջարկում փոխել ԱԺ կանոնակարգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ կանոնակարգ օրենքում առաջարկվող փոփոխությամբ ՀՀԿ-ն բացահայտեց իր վախը։ Այսօր` հոկտեմբերի 2-ին,Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

«Որտե՞ղ է Հանրապետականի վախը։ Որ եթե հանկարծ վարչապետ չընտրվելու դեպքում քաղաքացիները որոշեն հավաքվել ԱԺ-ի մոտ ու թույլ չտան, որ պատգամավորները մասնակցեն վարչապետ ընտրելու նիստին, այդ նիստը չհամարվի չկայացած։ Իսկ երկու անգամ չկայացած լինելու դեպքում ԱԺ-ն համարվում է լուծարված»,- ասաց Նազարյանը։

Պատգամավորը նշեց, որ ՀՀԿ-ն փորձում է սրանով ձախողել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը։

Հիշեցնենք` այսօր ԱԺ նիստում ՀՀԿ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում ՀՀԿ խմբակցության առաջարկած փոփոխությունները, որոնցից մեկը վերաբերում էր վարչապետի չընտրվելու դեպքում խորհրդարանը ցրել-չցրելու հարցին։

ՀՀԿ-ի առաջարկի համաձայն` եթե նիստը չկայանա ինչ-ինչ պատճառով (արտակարգ իրավիճակ, ֆորս մաժոր), ապա նիստը համարվում է ոչ թե չկայացած, այլ հետաձգվում է անորոշ ժամանակով, մինչև պատգամավորները կարողանան ներկայանալ աշխատանքի։