Ինչո՞ւ հարազատ կուսակցությունը չսատարեց պատգամավորի որդուն. մեկնաբանում է Միքայելյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանն ինքն էլ որոշել է որդու քարոզարշավին չմասնակցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Սասուն Միքայելյանի կարծիքով` պարտադիր չէ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանի իր որդուն: Այս մասին ԱԺ պատգամավորն ասաց այսօր լրագրողների հետ զրույցում` մեկնաբանելով կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանի երեկվա հայտարարությունը:

«Ազատ մրցակցություն է, որպեսզի որևէ մեկն ընկճված չլինի: Կա հինգ թեկնածու, պարտադիր չէր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պաշտպաներ: Եվ իմ ցանկությունն է դա, որպեսզի ազատ մրցակցություն լինի, Հրազդանում լինեն ազատ ու արդար ընտրություններ»,- ասաց Միքայելյանը:

Նա նաև հավելեց, որ ինքն էլ որդու քարոզարշավին չի մասնակցելու: Իսկ ինչ վերաբերում է ԵԿՄ նախագահի թափուր տեղի համար իր թեկնածությունն առաջադրելուն, Միքայելյանը չցանկացավ բացել փակագծերը։

Կոստանյան. ««Քաղաքացիական պայմանագիրը» չի սատարում Սևակ Միքայելյանին»

«Կդառնամ, թե չեմ դառնա, քննարկման արդյունքում ես պատասխանատու եմ իմ մարտական ընկերների առաջ, այդ ժամանակ կարծիք կհայտնեմ, դուք կիմանաք»,- ասաց նա:

Միքայելյանը հերքեց նաև Վազգեն Սարգսյանի եղբոր` Արամ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին լուրերին:

«Ես սպարապետի ընտանիքի հետ երբեք որևէ խնդիր չեմ ունեցել»,- ասաց նա:

Հիշեցնենք` ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Սասուն Միքայելյանի 25 տարեկան որդին` Սևակ Միքայելյանն ինքնաառաջադրվել է Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը` Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Հրազդանի Սևակ Միքայելյանի ինքնաառաջադրման փաստը, ասել է, որ կուսակցությունը որոշել է չսատարել և չաջակցել նրան այդ ընտրություններում: