Ազնավուրը՝ գյումրեցիներին. «Ես փոքրամարմին եմ, բայց հսկա արձանը ձեզ եմ թողնում»

Քիչ են այն արձանները, որոնք տեղադրվում են այս կամ այն գործչի կենդանության օրոք: Երևույթը շատ ավելի խիստ մոտեցում է պահանջում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է աշխարհահռչակ շանսոնյեին:
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Գյումրին այն եզակի քաղաքն է, որտեղ 2001 թվականին տեղադրվեց մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը: Արձանի բացմանն անձամբ Շառլ Ազնավուրն է ներկա գտնվել:  Հեղինակը՝ գյումրեցի քանդակագործ Սամվել Պետրոսյանն է:

Քանդակագործը Sputnik Արմենիային պատմեց. «Մինչ հիմնական բնօրինակը պատրաստելը մի քանի փոքրիկ մանրակերտ է պատրաստվել: Ընդունված է` երբ ողջ մարդու արձանն ես քանդակում, նրա կարծիքը պետք է անպայման հարցնես: Այդ ժամանակ մի քանի օրինակ էի արել, հավանության արժանացավ այն, որի հիմքով էլ արձանը պատրաստվեց: Ինձ համար կրկնակի բախտավորություն է,  եզակի դեպք, երբ քանդակում ես մարդուն կենդանության օրոք, և, հատկապես, Ազնավուրի նման մարդուն»,-հպարտությամբ նշում է քանդակագործը, ապա ավելացնում՝ «Երբ քանդակում էի, հարցրի՝ պարոն Ազնավուր, ինչպե՞ս  է: Ասաց՝ շատ լավ է, ստուգելու համար  երկրորդ անգամ հարցի, ասաց՝ լավ է, քանի որ արձանն ավելի երիտասարդ է»:

Ազնավուրի երկարակեցության գաղտնիքը

Նախաձեռնությունը 1996 թվականին էր, իսկ 1997 թվականին  արդեն մեկնարկեցին աշխատանքները, որոնք ավարտվեցին 2001-ին:  «Բավական ծախսատար աշխատանք էր, խոսքը միայն արձանին չի վերաբերում, դա իմ ու իմ ընտանիքի նվերն էր: Պետք էր նաև ձևափոխել կամարը, հարմարեցնելով արձանին,  ու պատրաստել պատվանդանը»,-նշեց քանդակագործը: Ի դեպ, կամարը մինչ այդ եղել է նույն տեղում՝ նախկին «Աստղի» հրապարակում, որն այսօր արդեն «Ազնավուրի անվան» հրապարակ է կոչվում: Կամարի ու պատվանդանի վերականգնման ֆինասական բեռն իր վրա է վերցրել Գագիկ Պետրոսյանը: Կամարի ճարտարապետն, ով նույնպես ներկա է գտնվել արձանի բացմանը, ակադեմիկոս, ճարտարապետ Արթուր Թարխանյանն է:

Այսպիսով, 2001 թվականի սեպտեմբերի 22-ին արձանը բացվեց: Պատվանդանով այն ունի 6 մետր 70 սմ բարձրություն: Արձանը բրոնզաձույլ է, պատվանդանը՝ գրանիտ:

«Շատ հետաքրքիր օր էր: Երբ Ազնավուրին ոտքով քաղաքի մուտքից  մինչև արձանի մոտ  ուղեկցեցինք, գյումրեցիները 13 տեղ կանգնեցրին՝  այդքան մատաղ էին արել: Մեկ օր առաջ մռայլ, անձրևոտ օր էր, այդ օրը՝ տաք ու լուսավոր: Երբ եկավ արձանի մոտ, ասաց՝ առաջին անգամ ժողովրդի առաջ պիտի հանվեմ: Հետո էլ սավանը արձանի վրայից քաշելով ասաց՝ ես փոքրամարմին եմ, բայց հսկա արձանը ձեզ եմ թողնում»:

1 / 5
Շառլ Ազնավուրի արձանը Գյումրիում
2 / 5
Շառլ Ազնավուրի արձանի մակետը
3 / 5
Շառլ Ազնավուրի արձանի քանդակագործ Սամվել Պետրոսյան
4 / 5
Շառլ Ազնավուրի արձանի մակետը
5 / 5
Շառլ Ազնավուրի արձանի քանդակագործ Սամվել Կարապետյան

Սամվել Պետրոսյանի գաղափարը`Շառլ Ազնավուրի արձանը քանդակելու, ծնվել էր  հենց այն ժամանակ, երբ 1988 թվականի երկրաշարժից անմիջապես հետո շանսոնյեն եկել էր Գյումրի: Սբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ տեսնելով նրան`քանդակագործն արդեն իսկ իր մտքում «քանդակել» է այդ արձանը:

Մինչ արձանի  վերջնական տեսքը ստանալը, քանդակագործը մի քանի էսքիզ է արել, բայց երգչի հավանությանն  արժանացել է հպարտ քայլքով հայրենի հողին կանգնած տարբերակը՝ այն նույն տարբերակը, որը կանգնեցված  է  «Շառլ Ազնավուրի» անվան հրապարակում: