ՀՅԴ–ն Փաշինյանից հանդիպման հրավեր չի ստացել

ՀՅԴ–ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին դեմ չէ, բայց առնվազն 1 տարի հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. ՀՅԴ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկ չի ստացել։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողներին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Ոչ ափալ-թափալ, բայց ամենակարճ ժամկետներում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ»

Բայց անկախ դրանից, Ռուստամյանը նշեց, որ իրենք միշտ ասել են ու հիմա էլ պնդում են, որ կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Բայց դեմ ենք դրանց անհապաղ անցկացմանը: Մեր կարծիքով՝ դա պետք է տեղի ունենա այն անհրաժեշտ քայլերը կատարելու տրամաբանությամբ, որոնց համար բավարար ժամանակ է անհրաժեշտ»,- ասաց Ռուստամյանը։

Անհրաժեշտ քայլերն, ըստ ՀՅԴ–ի, հետևյալն են` արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցնեն նոր Ընտրական օրենսգրքով, որում չլինի ռեյտինգային համակարգ և երկրորդ` մինչ այդ ոստիկանությունը պետք անկախ մարմնի կարգավիճակ ստանա։ Երրորդ պայմանն այն ժամանակն է, որ անհրաժեշտ է նշված քայլերն իրականացնելու համար։

Այդ ժամանակը, ՀՅԴ հաշվարկով, առնվազն 1 տարի է։