ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ժողովրդին կրկին փողոց է հանել, հավաքվածների մոտ Երևանի Բաղրամյան պողոտայում հանդես եկավ ելույթով։
Նա նշեց, որ այսօր ՀՀ ԱԺ–ում արտահերթ նիստի ժամանակ տեղի ունեցած քվեարկությամբ, այդ օրենքի նախագծի շրջանառությամբ ՀՀԿ–ն ու նրանց աջակցող ուժերը հայտարարել են հակահեղափոխություն։
«Բայց նրանց մոտ չի ստացվի դա, որովհետև ժողովուրդն արդեն հաղթել է, և ոչ մեկ չի կարող այն այդ հաղթանակը նրա ձեռքից առնել»,–ասաց ՀՀ վարչապետը և «ՀՀԿ հեռացիր, ՀՀԿ հեռացիր», վանկարկումներով նա, շրջապատված նախարարներով, շարունակեց բողոքի ակցիան։
Նա ժողովրդին կոչ արեց արմատախիլ անել այն ուժերին, որոնք աջակցել են հակահեղափոխությանը։
Հիշեցնենք՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքում ՀՀԿ խմբակցության առաջարկած փոփոխություններն այսօր ԱԺ-ում բուռն քննարկման առիթ դարձան, մասնավորապես` վարչապետի չընտրվելու դեպքում խորհրդարանը ցրել- չցրելու ենթատեքստի շուրջ: Նախագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանը հատուկ հիշեցրեց, որ նախագիծը ներկայացվել էր 6-7 ամիս առաջ` դեռ մարտ- ապրիլ ամիսներին: Սակայն վերջին շաբաթվա ընթացքում` երկրորդ ընթերցմամբ ներկայացնելուց առաջ, դրանում որոշ փոփոխություններ են արվել:Հոկտեմբերի 2–ին, ժամը 19։30 հրավիրված Ազգային ժողովն արտահերթ նիստում, երկրորդ և վերջնական ընթերցմամբ, 67 կողմ ձայնով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այսպիսով` Փաշինյանի ծրագրերը` խորհրդարանը շրջանացելով արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնելու, ձախողվեցին։