Ես կորցրի իմ գործընկերոջը. Արա Բաբլոյանն ԱԺ նիստը սկսեց Ազնավուրի մասին հիշողություններով

ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին աշխարհահռչակ երգչի հիշատակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովն այսօր հերթական նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով աշխարհահռչակ երգիչ-երգահան Շառլ Ազնավուրի հիշատակին:

«Ես ոչ միայն կորցրի ազգի զավակին, այլև իմ գործընկերոջը, որի հետ երկրաշարժից հետո համագործակցել ենք հանուն երեխաների, հանուն Հայաստանի ապագայի»,- ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նրա խոսքով` աշխարհն Ազնավուրին հավերժ կհիշի ոչ միայն նրա բարի կեցվածքի, ազնիվ մոտեցումների, այլև այն ամենի համար, ինչ նա տվեց ոչ միայն հայ ազգին, այլ ամբողջ աշխարհին:

Նշենք, որ 94 տարեկան Ազնավուրը մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։