«Վերջին շրջանում արել եմ ամեն բան, որ Ազգային ժողովում լինի երկխոսություն». Բաբլոյան

Բաբլոյանը հիշեցրել է, որ հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայտարարությամբ են հանդես եկել, որում մի քանի կետով ու խաղաղ ձևով ներկայացված են ժողովրդավարական ամբողջ մոտեցումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. «Վերջին շրջանում արել եմ ամեն բան, որ Ազգային ժողովում լինի երկխոսություն, սակայն դա տեղի չունեցավ»: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի օգտին քվեարկությանը։

ՀՅԴ-ն իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից

«Ինչ-որ ժամանակ ես ու Նիկոլ Փաշինյանը, կարծես, հասել էինք համաձայնության, ու քաղաքական առումով ինձ համար մեծ ուրախություն ու բավականություն էր, երբ վարչապետը Նյու Յորքից հայտարարեց, որ պետք է հետ գա և ԱԺ-ում քաղաքական ուժերի հետ քննարկենք հարցը: Հայտնի էր, որ ուժերի մի մասը, ասենք՝ ԵԼՔ-ը, կողմնակից է շուտ ընտրություններին, մյուս մասն՝ ավելի ուշ: Բայց բոլոր խմբակցությունները հայտարարել էին, որ պատրաստ են քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը»,- ասաց Բաբլոյանը։ Նա հիշեցրեց, որ հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայտարարությամբ են հանդես եկել, որում, ըստ նրա, նույնպես մի քանի կետով ու խաղաղ ձևով ներկայացված են ժողովրդավարական ամբողջ մոտեցումները:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն 67 կողմ ձայնով 2–րդ ընթերցմամբ ընդունել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում: