«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ է ԱԺ արտահերթ ընտրությունների հապշտապ անցկացմանը

Ընտրական համակարգում կան թերություններ, որոնք պետք է շտկվեն խորհրդարանական ընտրություններից առաջ: Ժողովուրդն էլ պիտի իմանա, թե ինչ են անում իր ընտրած կառավարությունն ու ԱԺ–ն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik.«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հապշտապ արտահերթ ընտրությունների գաղափարը չի ընդունում: Նա այս մասին լրագրողներին ասաց այսօր ԱԺ–ում` հավելելով, որ արտահերթ ընտրությունների սոցիալական պահանջը երկրում հասունացած չէ:

«Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում հայտնաբերվել են կրկնաքվեարկություններ։ Հիմա նույն բաներն անենք համապետական մակարդակով ընտրություններո՞ւմ։ Եթե նույն թերությունները կրկնելու վտանգը միանգամայն իրական է, ապա ո՞րն է ԱԺ արտահերթ ընտրություններն անպայման գալիք երկու ամսում անցկացնելու տրամաբանությունը։ Թող լինի չորս ամսում, վեց ամսում, մենք դեմ չենք որևէ ընտրության: Բայց եթե անում ենք արտահերթ, անենք այն մակարդակով, որ նախկին խախտումները նորից չկրկնվեն»,-ասաց նա:

Պետրոսյանը հիշեցրեց, որ ԱԺ արտահերթ ընտրություններ կազմակերպելու ճանապարհը:

«Գործող իրավակարգավորումն այն է, որ միայն վարչապետի հրաժարականով կարող են կազմակերպվել ԱԺ արտահերթ ընտրություններ։ ԱԺ ինքնալուծարում չի նախատեսվում»,- ասաց նա:

«Լուսավոր Հայաստանը» պատրաստ է արտահերթ ընտրությունների. Մարուքյան

Իսկ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցում ԲՀԿ պատգամավորը հանրային իրազեկման խնդիր է տեսնում: Ըստ նրա, այդ դեպքում չի կարելի սահմանադրական փոփոխությունների նախագծի տեքստը պարփակել ԱԺ-կառավարություն պատերի տիրույթում, և ժողովուրդն էլ չիմանա, թե մայր օրենքի հետ ինչպես են վարվում իր իսկ ընտրած մարմինները:

Պետրոսյանն ասաց նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԲՀԿ-ի հետ նախանշված հանդիպման ու բանակցությունների մասին տեղեկություններ չունի։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ պետք է արագացնել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը։

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանն էլ սեպտեմբերի 27-ին կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել էր, որ ՀՀԿ-ն պատրաստ է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք կայանան։

Երեկ` հոկտեմբերի 1-ին, Փաշինյանը հանդիպել էր Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, որը հանդիպումից ասել էր` կարողացել են ձեռք բերել նորմալ պայմանավորվածություններ: