ՀՀ նախագահ. ԲՀԿ–ն ու «Լույսը» կապահովեն բազմակարծությունն ու հավասարակշռությունը

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Երևանի նորընտիր իշխանություններին ու խոսել նրանց վրա դրված պատասխանատվությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Երևանի ավագանու ընտրությունները սահմանադրական նորմերին և սկզբունքներին համահունչ իրականացնելու առիթով։

Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահի ուղերձում ասված է, որ ավագանու ընտրությունները նոր Հայաստանի առաջին քայլն են ընտրական գործընթացի արմատական բարելավման ուղղությամբ, որը հիմք կարող է ծառայել հաջորդ ընտրությունները հանրային վստահության առավել համերաշխ մթնոլորտում անցկացնելու համար։

Երևանի ընտրությունները` վերադարձ ապագային. ինչ ժառանգություն է ստացել Փաշինյանը

Նախագահը բարձր է գնահատել ընտրություններին մասնակցած ու չմասնակցած քաղաքական ուժերի կեցվածքը, որոնք ընդունեցին ընտրության արդյունքները և շնորհավորեցին հաղթած ուժին։

««Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի բարձր ցուցանիշները մեծ պատասխանատվություն են դնում նրա ղեկավարների, մասնավորապես՝ ապագա քաղաքապետի վրա: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և «Լույս» կուսակցությունների դաշինքին նույնպես սպասվում է լուրջ և ծավալուն աշխատանք ավագանու ներսում՝ ապահովելու համար կարծիքների բազմազանությունն ու հավասարակշռությունը»,– ասված է ուղերձում:

Երևանի ավագանու նորընտիր անդամներին նախագահ Սարգսյանը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ հանուն մայրաքաղաքի շենացման և նրա բնակիչների բարեկեցության աճի: