Վարչապետն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրենին

Նիկոլ Փաշինյանն ու ՀՀՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանը շնորհավորել են Հայկակ Արշամյանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր տնօրեն ունի

Վարչապետը շնորհավորել է Հայկակ Արշամյանին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա նշանակմամբ կառույցը նոր կյանք և նոր թափ կստանա: «Տեղյակ եմ, որ այս ընթացքում հիմնադրամի առջև բավականին խնդիրներ են գոյացել և դրանց հրատապ լուծման անհրաժեշտություն կա: Հարկավոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչպես պետք է դա արվի»:

Փաշինյանը նաև իր շնորհակալությունն է հայտնել Պետրոս Թերզյանին ճգնաժամային շրջանում ստանձնած դերակատարման և ջանքերի համար, ինչի շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը  կառուցողական լուծման բերել: Նա հույս է հայտնել, որ հիմնադրամի նոր տնօրենը և հոգաբարձուների խորհուրդը կկարողանան ներկայացնել և իրականացնել հիմնադրամի զարգացման կոնկրետ ծրագրեր:

Պետրոս Թերզյանը ևս շնորհավորել է Հայկակ Արշամյանին հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա վստահություն է հայտնել, որ Արշամյանը ճիշտ անձ է համապատասխան տեղում և պայմաններում:

«Հայտնում եմ իմ պատրաստակամությունը՝ անելու այն, ինչ պետք է: Վստահ եմ, որ այս հոյակապ կառույցը, որ այդքան մեծ ներդրում է ունեցել Հայաստանի և Արցախի տնտեսական վերելքի մեջ, իր առջև ունի մեծ ապագա՝ շնորհիվ Ձեր աջակցության»,- ասել է պարոն Թերզյանը:

Շնորհակալություն հայտնելով Հայկակ Արշամյանը կարծիք է հայտնել, որ հիմնադրամը պետք է վերածել 21-րդ դարի կառույցի, որովհետև, ըստ նրա, այն խնդիրները, որոնք դրված են եղել հիմնադրամի առջև, արդեն մնացել են նախորդ դարում:

«Այժմ մենք պետք է աշխատենք նաև օգտագործել ոչ միայն թելեթոնները, մարդկանց զանգելով հանգանակություն անելու մեխանիզմները, այլ նաև առցանց հարթակներում փորձենք որքան հնարավոր է շատ մարդկանց ներգրավել, թեկուզ փոքր գումարներ հանգանակել, խոսքը նույնիսկ գնում է 500, 1000 դրամի մասին:

Արա Վարդանյանը «Հայաստան» հիմնադրամի գումարները վերադարձրել է. հայտարարություն

Պետք է փորձենք այդպես ողջ հայությանը ներգրավել Հայաստանի զարգացման գործում: Հիմնադրամի գործունեության թիրախներից մեկը պետք է լինի ապահովել Սփյուռքի և ընդհանրապես համայն հայության մասնակցությունը հայաստանյան գործընթացներում: Իմ առջև խնդիր եմ դրել բարձրացնել հիմնադրամի նկատմամբ եղած վստահությունը, որը պետք է դրվի ավելի բարձր մակարդակի վրա, ինչը կապված է նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետ: Մենք Նոր Հայաստանում պետք է ունենանք նոր և իրական համահայկական հիմնադրամ»,- հավելել է Հայկակ Արշամյանը:

«Կարևոր է, որ այս ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ, ով Հայաստանի Հանրապետության նախագահն է, կարողացանք իսկապես իրականացնել թիմային աշխատանք: Հույս ունեմ, որ սա ոչ թե արձանագրված ցավալի ճգնաժամի հաղթահարումն է, այլ մի նոր էջ հիմնադրամի հեղինակության, գործունեության արդյունավետության բարձրացման և ընդհանրապես որպես ազգային համախմբման կարևոր ինստիտուտ կայացման իմաստով»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հիմնադրամի հետագա գործունեությանն առնչվող հարցեր: