Նա Հայաստանի և Ֆրանսիայի փառահեղ մշակույթների հոգին էր. Մեդվեդևը` Շառլ Ազնավուրի մասին

Ամբողջ աշխարհը խոսում է Ազնավուրի մասին։ Վշտակցում են հասարակական, քաղաքական և մշակութային գործիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցություն է հայտնել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հարազատներին և երկրպագուներին և նշել, որ նա Հայաստանի և Ֆրանսիայի փառահեղ մշակույթների հոգին ու ձայնն էր։ ՌԴ կառավարության ղեկավարն այս մասին գրել է Facebook-ի իր էջում։

Նշենք, որ աշխարհահռչակ երգիչը մահացավ այսօր 94 տարեկանում Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։

«Կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը` հանրահայտ կատարողների մեկը, որն ամբողջ աշխարհի համար Հայաստանի և Ֆրանսիայի փառահեղ մշակույթների հոգին ու ձայնն էր։ Նա երկար տարիներ լեփ-լեցուն դահլիճներ էր հավաքում մեր երկրում։ Խորապես ցավակցում եմ երգչի հարազատներին, ինչպես նաև նրա բազմաթիվ երկրպագուներին ամբողջ աշխարհում, այդ թվում` նաև Ռուսաստանում», — գրել է Մեդվեդևը։

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։