Քիմ Քարդաշյանի ամուսնու ասածը կտրել են ամերիկյան հեռուստաընկերության եթերից. տեսանյութ

NBC հեռուստաընկերության եթերով հեռարձակվող Saturday Night Live շոուում կտրել են ռեփեր Քանյե Ուեսթի մենախոսությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկյան NBC հեռուստաընկերությունը եթերից կտրել է ռեփեր Քանյե Ուեսթի արտահայտությունները` Դոնալդ Թրամփին աջակցելու մասին։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Saturday Night Live-ի 44-րդ եթերաշրջանի կտրված դրվագը Twitter-ում հրապարակել է ամերիկացի պրոդյուսեր Մայք Դինը։

​«Դուք տեսնում էիք, թե ինչպես էին նրանք ծիծաղում ինձ վրա։ Դուք լսում էիք, թե ինչպես էին նրանք բղավում ինձ վրա։ Նրանք ինձ հալածում էին կուլիսներում։ Ինչպե՞ս կարող է քեզ դուր գալ Թրամփը։ Նա ռասիստ է, ասում էին նրանք։ Եթե ինձ անհանգստացներ ռասիզմը, ես վաղուց հեռացած կլինեի Ամերիկայից», — ասում է Ուեսթը կտրված դրվագում։

Քիմ Քարդաշյանը հրապարակել է դուստրերի հուզիչ լուսանկարը

Ռեփերը կատարել է նաև ստեղծագործություններից մեկը` Make America Great Again («Կրկին հզորացնենք Ամերիկան») գրությամբ գլխարկով։ Դրանից հետո դահլիճում դժգոհության ձայներ են լսվել։

Հրապարակումից հետո Թրամփը Twitter-ում շնորհակալություն է հայտնել ռեփերին աջակցության համար։ Նախագահին զայրացրել է այն փաստը, որ հանդիսատեսը դժգոհ է ռեփերից նրա քաղաքական հայացքների պատճառով։

«Շատերի նման ես չեմ նայում SNL, այլևս ծիծաղելի չէ, ո՛չ տաղանդ կա, ո՛չ հմայք։ Դա ուղղակի դեմոկրատների քաղաքական գովազդ է։ Ասում են` Քանյե Ուեսթը, որը MAGA (Make America Great Again) գլխարկ է դրել շոուից հետո (չնայած նրան, որ «ոչ» են ասել), շատ լավ է եղել», — գրել է Թրամփը Twitter-ում։