Ի՞նչ քննարկեցին Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետի և ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավարի բանակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու շուրջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ առաջին շփումն էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեմայով, մտքեր փոխանակեցինք, պայմանավորվեցինք, որ բանակցային գործընթաց սկսվի: Այս մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ հանդիպումից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը հանդիպեցին սրճարանում. տեսանյութ

Հարցին, թե ինչ՞ արդյունք եղավ, վարչապետն ասաց. «Մի հանդիպման արդյունքում որոշումներ չեն կայացվում: Մենք կարծում ենք, որ արտահերթ ընտրությունները արագ պետք է կայանան, ավելի կոնկրետ՝ երկու-երեք ամսվա ընթացքում»:

Անդրադառնալով այն հրապարակումներին, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ ևս, ինչպես ավագանու ընտրությունների ժամանակ, իրենք կհավաքեն 80 տոկոս ձայն, և ԱԺ-ում համամասնությունը չի պահպանվի, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման բան չի կարող լինել:

«Գործող Սահմանադրության համաձայն՝ ԱԺ 1/3-ը պետք է լինի ընդդիմադիր: Ըստ էության, ինչ արդյունք էլ գրանցվի, քաղաքական ուժերից որևէ մեկը 80 տոկոս ձայն ստանա, ընդդիմության ներկայացվածությունը պակաս չի լինելու, քան՝ այսօր: Փոխարենը կլինի այն, որ կառավարությունը կլինի մեծամասնություն, որը թույլ կտա նրան լիարժեք գործել և զբաղվել երկրի օրակարգային հարցերով», — ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այսպիսով կլինի լեգիտիմ իշխանություն, խորհրդարանական մեծամասնություն և լեգիտիմ փոքրամասնություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ այսօրվանից սկսում է հանդիպումներն Ազգային ժողովի խմբակցությունների հետ՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու  հարցը և որ առաջինը հանդիպելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ։

Վարչապետը ասել էր, թե «վերջին ամիսները ցույց են տվել, որ խորհրդարանում առնվազն վստահելի իրավիճակ չկա»։

«Քանի դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն եղել, տնտեսությունը, բիզնեսը շունչը պահած սպասելու են, մինչև ինչ-որ միջնաժամկետ հեռանկար երևա», — ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Նա հույս էր հայտնել, որ քաղաքական ուժերն այս հարցում կգան համաձայնության և քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտություն չի լինի: