ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Այսօր, Երաժշտության համաշխարհային օրը, Շառլ Ազնավուրի մահվան օրը, Ազնավուրի երկրպագուները հիշում են նրա երգերը։ Ավելի քան հազար երգ է գրել (անձամբ կամ համահեղինակությամբ), ընդ որում շարունակում էր ստեղծագործել մինչև կյանքի վերջին տարիները։ 2015 թվականին, 91 տարեկանում, նա թողարկեց իր վերջին Encores ալբոմը։
Ազնավուրը բեմ բարձրացավ հեռավոր 1946 թվականին։ Մենահամերգներով սկսեց հանդես գալ 50-ականների սկզբից։ Մի քանի տարի անց նա համաշխարհային փառք ձեռք բերեց։
Emmenez-moi
Իր մի քանի հայտնի երգեր նա գրել է հայրենակից, հայտնի ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ համահեղինակությամբ։ Այդ թվում Emmenez-moi, Paris au mois d'aout, Etre երգերը:
Հավերժ սեր
Une vie d'amour երգը սիրվեց ոչ միայն Արևմուտքում, այլև Խորհրդային Միությունում: Այն Ազնավուրը կատարել է անկրկնելի Միրեյ Մատյոյի հետ դուետով։ Այս երգը, որը նա նույնպես գրել էր Կառվարենցի հետ, խորհրդային լսարանը ճանաչում է «Թեհրան-43» ֆիլմից։
Ե՛վ Ազնավուրը, և՛ Միրեյ Մատյոն գրեթե միշտ կատարում էին այդ երգը Խորհրդային Միության տարբեր քաղաքներում համերգների ժամանակ։
Նրանք ընկան
Կառվարենցի հետ Ազնավուրը նաև Հայաստանի մասին երկու երգ գրեց։ 1975 թվականին, Հայոց ցեղասպանության 60-րդ տարելիցին, նրանք ստեղծեցին Ils sont tombes («Նրանք ընկան») երգը։
Կառվարենցի հետ Ազնավուրը Հայաստանի մասին ևս մի երգ գրեց` Pour toi, Armenie։
Քեզ համար, Հայաստան
Երգի առաջին կատարումը 1989 թվականին եղավ. այն ձայնագրեցին ֆրանսիական էստրադայի և կինոյի աստղերը։ «Քեզ համար, Հայաստանը» ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի վերածննդի ինքնատիպ օրհներգ դարձավ։
La Mamma
Հարցազրույցներից մեկում Ազնավուրն ասում էր, որ աշխարհում ոչ մի երգ չի կարող համեմատվել ֆրանսիական երգերի հետ։
«Սա անվիճելի է», – հայտարարել էր այն ժամանակ շանսոնյեն։
La Mamma երգն իսկզբանե գրվել էր ֆրանսերեն։ Սակայն և՛ սիցիլիական երաժշտությունը, և՛ խոսքերը (մեծ ընտանիքի մասին, որը սգում է մոր մահը) անմիջապես սիրեցին միլիոնավոր իտալացիներ։ Իրենց համար Ազնավուրն այդ երգն իրենց հարազատ լեզվով էր երգում։
La Boheme
Հայաստանում Ազնավուրի ամենահայտնի երգը La Boheme–ն է։ Քչերը գիտեն, ինչի մասին է այն, սակայն միայն երաժշտությունն ու ձայնը բավարար էր մեզ գերելու համար (նույնը նրա մի շարք երգերին է վերաբերում)։
Эх раз, еще раз
Հորից` Միշա Ազնավուրյանից, Շառլը ժառանգել էր սեր ռուսական երգերի նկատմամբ։ Միշա Ազնավուրյանը ծնվել էր Ջավախքում, որն այդ ժամանակ Ռուսաստանի կայսրության տիրապետության տակ էր և ռուս էմիգրանտների երգացանկի մեծ գիտակ էր։ Մի քանի տարի նա Փարիզի «Կովկաս» ռեստորանն էր աշխատացնում, որտեղ շատ էին ռուսական երգեր երգում։ Երեխաներն օգնում էին հորը, իսկ Շառլն իր գրքերում և հարցազրույցներում բազմիցս հիշել է այդ տարիները։
Մի քանի տասնամյակ նա կատարում էր «Երկու կիթառ» (Ապոլոն Գրիգորևի «Цыганская венгерка» երգի ազատ թարգմանություն) երգի ֆրանսիական տարբերակը «Эх раз, еще раз…» ավելացրած կրկներգով։
Սայաթ–Նովա
Իհարկե, Ազնավուրը նաև հայերենով երգ ձայնագրեց։ Սայաթ–Նովայի «Յիս քու ղիմեթը չիմ գիդի» երգն է։ Այդ երգը Ազնավուրը կատարում էր դստեր` Սեդայի հետ։