Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել համածառայակցին

19-ամյա զինծառայող Աղասի Մկրտչյանի մահվան գործով կալանավորվել է ծառայակիցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ կրտսեր սերժանտ Աղասի Մկրտչյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Զինծառայողը մահացել է հոսպիտալ տեղափոխվելուց մեկ ժամ անց. ՔԿ

Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումը ստացել է համածառայակցի կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ համածառայակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Աղասի Դերենիկի Մկրտչյանը ստացել էր հրազենային վիրավորում և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 21:20-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: