Վարդան Մինասյանը նոր պաշտոն ունի. լուսանկար

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի հետ 2 տարվա պայմանագիր է կնքվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը: Այս մասին նշված է «Արարատ- Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում։

«Հայազգի ամենատիտղոսակիր մարզիչներից մեկի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր: Վարդան Մինասյանին մաղթում ենք հաջող աշխատանք մեր թիմում, վստահ ենք, որ նրա փորձի և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ մեր թիմը հաջողության կհասնի»,- ասված է հայտարարության մեջ։

Վարդան Մինասյանն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1991 թվականին, հանդես է եկել հայկական և միջազգային մի շարք անվանի ակումբներում: Եղել է Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականների անդամ:

Մարզչական կարիերան սկսել է 2004 թվականից:

2008-2011թ.-ին եղել է «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչը: Նրա գլխավորությամբ 2008, 2009 և 2010 թվականներին ակումբը նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, 2009-ին Հայաստանի գավաթը, 2010-ին Հայաստանի Սուպերգավաթը:

2009-2014թ.-ին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը: Նրա գլխավորությամբ հավաքականը պատմության մեջ լավագույն արդյունքներն է գրանցել:

2014թ.-ին եղել է ղազախական «Տոբոլ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ։

Երկար ընդմիջումից հետո, 2018թ.-ին կրկին դարձել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, նույն թվականի աշնանը հրաժարական է ներկայացրել:

Վարդան Մինասյանը 44 տարեկան է: