ՅՈՒՆԵՍԿՕ-ն «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտի» համար նոր որոշում ունի

Մեխանիզմը պահանջում է հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ նման հուշարձանի վրա հարձակումից, ինչպես նաև այն կամ դրա անմիջական շրջապատը ռազմական նպատակներով ցանկացած օգտագործումից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՅՈՒՆԵՍԿՕ-ում միաձայն դրական որոշում են կայացրել «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ հայտը ներառել դեկտեմբերին կայանալիք 1999թ. երկրորդ արձանագրության կոմիտեի միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի օրակարգում:

Գորգ, մածուն, գինի, օղի, թառ. Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ–ին նոր ցանկ կներկայացնի

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 27-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրության կոմիտեի բյուրոյի նիստը, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ հայտը:

Կոմիտեի բյուրոյի անդամները քննարկել են հայտի բովանդակությունը և մասնագիտական հարցեր ուղղել ՀՀ պատվիրակության անդամներին, որից հետո միաձայն դրական որոշում են կայացրել հայտի ընդունումը ներառել դեկտեմբերին կայանալիք 1999թ. երկրորդ արձանագրության կոմիտեի միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի օրակարգում:

«Մշակութային պատերազմ» ՅՈՒՆԵՍԿՕ–ում. Ադրբեջանը հարձակվում է, Հայաստանը` լռում

Նշենք, որ «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրը 2000թ.-ից թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում` հանդիսանալով  մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձան:

«Ուժեղացված պաշտպանությունը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու համար: Այն նպատակ է հետապնդում ապահովել մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հատուկ  հուշարձանների լիարժեք ու արդյունավետ պաշտպանությունը` միջազգային կամ ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ:

Մեխանիզմը պահանջում է հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ նման հուշարձանի վրա հարձակումից, ինչպես նաև այն կամ դրա անմիջական շրջապատը ռազմական նպատակներով ցանկացած օգտագործումից: Արձանագրությունը նաև սահմանում է  քրեական պատիժներ` ֆիզիկական անձանց կողմից մշակութային արժեքի նկատմամբ ուժեղացված պաշտպանությունը խախտելու պարագայում: