Հայաստանում սգո օր կհայտարարվի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը գրառում է արել սոցցանցում և աշխարհահռչակ երգչին հարգանքի տուրք մատուցել նրա անվան հրապարակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ավելի վաղ նշել էր, որ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մահը մեծագույն կորուստ է հայերի համար։

Հանրահայտ երգիչը պիտի գար Հայաստան։ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ այդ մասին խոսեց նաև Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, որտեղ մարդիկ հարգանքի տուրք էին մատուցում աշխարհահռչակ շանսոնյեի հիշատակին։

«Հանդիպումը պետք է տեղի ունենար Ֆրանկոֆոնիայի շրջանակում, բայց, ցավոք, չհաջողվեց։ Ես նրա հետ անձամբ ծանոթ չեմ եղել, բայց իմ հիշողության մեջ նա կմնա որպես մեծ երգիչ»,- ասաց վարչապետը։

Հարցին` Ազնավուրին կհուղարկավորե՞ն Հայաստանում, Փաշինյանը պատասխանեց` սպասենք և իմանանք, թե ինչ կորոշի ընտանիքը։

94 տարեկան երգիչը մահացավ այսօր` հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Ազնավուրն ինքն իրեն միաժամանակ և՛ հայ, և՛ ֆրանսիացի էր անվանում։ Շառլ Ազնավուրի մահվան լուրին արդեն արձագանքել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։