«Նրան ժամանակն է առաջադրել». Պոզները դեմ չի լինի հարցազրույց վարել Փաշինյանի հետ

Հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները խոսել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների նկատմամբ իր վերաբերմունքի մասին, ինչպես նաև սեր խոստովանել հայ ժողովրդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի հաղորդավար Վլադիմիր Պոզները կցանկանար հարցազրույց ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին Պոզները հայտարարել է USArmenia հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Հայտնի լրագրողը նշել է, որ ժամանակին հարցազրույց է վերցրել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանից, որը նրա վրա քաջ, համարձակ և մի քիչ բռնակալ մարդու տպավորություն է թողել։ Պոզները նշել է, որ հիմա էլ է հետևում Հայաստանում իրադարձությունների զարգացմանը։

Ի՞նչ արժեն Նիկոլ Փաշինյանի ժամացույցները. վարչապետի համար զեղչ են արել

«Հայաստանում տեղի է ունեցել անարյուն հեղափոխություն, փողոց էին դուրս եկել անհավանական թվով մարդիկ։ Դա ինչ-որ առումով օրինակ էր նրանց համար, ովքեր աչքեր ու ականջներ ունեն, նրանց, ովքեր լսում և տեսնում են։ Դա ապացույցն էր նրա, թե ինչ կարող է պատահել, երբ այդքան շատ մարդ ոտքի կանգնի, երբ արդեն հնարավոր չի լինի անտեսել նրանց կարծիքը», – կարծում է Պոզները։

Նրա կարծիքով` ժողովուրդը գնացել է Փաշինյանի հետևից, որովհետև չափազանց շատ դժգոհություն էր կուտակվել, իսկ քաղաքական գործիչը հայտնվել է ճիշտ տեղում, ճիշտ ժամին։

«Նրան ժամանակն է առաջադրել», – նշել է հաղորդավարը։

Պոզները նշել է, որ շատ է եղել Հայաստանում, ճանապարհորդել երկրում։ Նա խոստովանել է, որ սիրում է հայերին աշխատասիրության և մարդկանց նկատմամբ նրանց իսկական, անկեղծ վերաբերմունքի, նրանց արիության համար։ Պոզները նաև հավելել է, որ մի քիչ ծանոթ է հայկական գեղանկարչությանը և շատ է գնահատում այն։