ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Աշնանացան ցորեն ցանելու դիմաց որոշ սահմանամերձ համայնքներ սուբսիդիա կստանան կառավարությունից։ Այս մասին այսօր ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև հրապարակեց այն գյուղերի ցանկը, որոնք ներառվել են համապատասխան որոշման մեջ։ Դրանք են` Երասխ, Վահան, Ճամբարակ, Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի, Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեպար, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Մովսես, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարի գյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Գեղհովիտ, Վերին Կարմիրաղբյուր։
«Այս գյուղերի այն բնակիչները, ովքեր կիրականացնեն ցորենի, գարու և կերային մշակաբույսերի աշնանացան, 1 հա–ի դիմաց կստանան 60 000 դրամի աջակցություն, ընդ որում, խոսքը 1-7 հա տարածքի ցանքի մասին է»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, որ կառավարությունն այս որոշումն ընդունել է սեպտեմբերի 14-ի նիստում։ Ըստ որոշման` ծրագրի շահառուների թիվը կլինի շուրջ 4 000, ծրագրի արժեքը հաշվարկվել է 180 մլն դրամ։