Սա իսկապես ցավալի օր է մեր ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը ուղիղ եթերում խոսեց Շառլ Ազնավուրի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծագույն կորուստ է համարում աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մահը։ Facebook սոցիալական ցանցի իր էջում ուղիղ եթեր դուրս գալով` վարչապետը վշտակցության խոսքեր ասաց։

Նրա խոսքով` Ազնավուրը մեկն էր, ով 80 տարի հիացնում և ջերմացնում էր միլիոնավոր, տասնյակ, հարյուր միլիոնավոր մարդկանց։

«Ես վշտակցություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։ Ցավակցում եմ Հայաստանի, Ֆրանսիայի ժողովուրդներին, ամբողջ աշխարհում ապրող նրա երկրպագուներին։ Սա իսկապես մեծ կորուստ է Հայաստանի և Ֆրանսիայի համար։ Սա համամարդկային կորուստ է։ Նա մարդ է, որը համամարդկային արժեքներ է ստեղծել, որոնք դեռ երկար դարեր մադկանց կուղեկցեն դեպի սեր և համերաշխություն»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ սա իսկապես ցավալի օր է մեր ժողովրդի պատմության համար։

Նշենք, որ Ազնավուրը մահացել է այսօր` հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Մինչ այդ նա շրջագայում էր Ճապոնիայում։