Փաշինյանը ՀՀԿ–ի հետ կքննարկի Հայաստանի խորհրդարանի լուծարման հարցը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում քաղաքական խորհրդակցությունները կսկսի ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ հանդիպումից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ կքննարկի խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցերը։ Այդ մասին խորհրդարանում լրագրողներին ասել է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

Արտահերթ ընտրությունների շուրջ բանակցությունները սկսված են. քաղաքացիների կարիքը դեռ չկա

Հանդիպում անցկացնելու ստույգ ժամանակն առայժմ հայտնի չէ։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Նյու Յորքից ուղիղ եթեր դուրս գալով, հայտարարել էր, որ Հայաստան վերադառնալուն պես մտադիր է քննարկել քաղաքական ուժերի հետ երկրում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 27-ին կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել էր, որ ՀՀԿ-ն պատրաստ է մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին, եթե դրանք կայանան։