«Քաղաքացիական պայմանագիրը» Սասուն Միքայելյանի որդուն չի աջակցի. ինչո՞ւ

Սասուն Միքայելյանի հարազատ կուսակցությունը չի աջակցի նրա որդուն` Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում։ Կուսակցության մամուլի խոսնակը մեկնաբանում է` ինչու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրը» Սասուն Միքայելյանի որդուն չի աջակցի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը` մեկնաբանելով Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում Սևակ Սասունի Միքայելյանի ինքնաառաջադրումը։

««Քաղաքացիական պայմանագրի» անդամն ինքնաառաջադրվել է, բայց կուսակցությունն ունի որոշում, որ չի սատարում և չի աջակցելու այս թեկնածությանը»,- ասաց նա։

Հարցին, թե ինչն է նման որոշման պատճառը, Կոստանյանը պատասխանեց. «Հրազդանի վերաբերյալ կուսակցության ու թեկնածուի տեսլականների տարբերությունը»։

Հրազդանի նախկին քաղաքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Նա նաև նշեց, որ Միքայելյանի ինքնաառաջադրման շուրջ կուսակցության հետ նախապես պայմանավորվածություն չի եղել։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Սասուն Միքայելյանի 25 տարեկան որդին` Սևակ Միքայելյանը, Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում առաջադրված 4 թեկնածուներից մեկն է։ Նրա մրցակիցներն են անկուսակցականներ Մանվել Պողոսյանը, Լևոն Ստեփանյանը և Դավիթ Քոչարյանը:

Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին:

Հրազդանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը հրաժարական էր ներկայացրել 2018թ-ի հուլիսին։

2016 թվականի ընտրություններում Դանիելյանի հիմնական մրցակիցը Սասուն Միքայելյանն էր, որը Դանիելյանին մեղադրում էր ընտրակաշառք բաժանելու, հրազդանցիների նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ:

Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարել է 15 տարի: