ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Ազիմուտ» ավիաընկերության Դոնի Ռոստով-Երևան առաջին միջազգային չվերթը նշանակալի է դարձել Յուլյա և Ալեքսանդր Իգնատովների համար։ Զույգն ամուսնացել է սեպտեմբերի 29-ին և որոշել է մեղրամիսն անցկացնել Հայաստանում։ Նրանք առաջինն են Ռոստովից Երևան հասնելու տոմս գնել։
«Ազիմուտ» ավիաընկերությունն այսօր` հոկտեմբերի 1-ին, Երևանի ուղղությամբ միանգամից երկու չվերթ գործարկեց, մեկը` Ռոստովից, մյուսը` Ստավրոպոլից։ Հոկտեմբերի 2-ին գործարկվելու է Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չվերթը։
«Երևանի տոմս գնեցինք ու ջեքփոթ շահեցինք», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ժպտացող Յուլյան։
Ավիաընկերության ղեկավարությունը մեկանգամյա սերտիֆիկատ նվիրեց Իգնատովների ընտանիքին։ Հիմա նրանք կարող են մեկ անգամ անվճար մեկնել ավիաընկերության իրականացրած ուղղություններից որևէ մեկով (42 ուղղություն)։
«Ուզում ենք տեսնել տեղի կոլորիտը, գնալ Սևանա լիճ։ Ճանապարհը երկար չէր, պայմանները լավն են, ինչո՞ւ չփորձել», — ասաց Յուլյան` պատասխանելով հարցին, թե ինչու է ընտրությունը կանգ առել Հայաստանի վրա։
Չվերթի բացման համար ուրախացել է նաև Հայաստանի քաղաքացի Ֆլոմինար Աբգարյանը, որի ծնողներն ապրում են Ռոստովում։ Հիմա կինն ավելի հաճախ կտեսնի հարազատներին և ստիպված չի լինի ինքնաթիռ փոխել։
«Ազիմուտ» ավիաընկերության գործադիր տնօրեն Էդուարդ Տեպլիցկին էլ իր հերթին նշեց, թե այս ուղղությունը որքան կարևոր է ավիաընկերության համար։ 42 ուղղություններից, որոնք իրականացնում են «Ազիմուտի» օդանավերը (Sukhoi Superjet 100), Երևանն առաջին միջազգային ուղղությունն է։
«Ինքնաթիռները նոր են։ Օդանավում բոլորը տեղերը զբաղված էին` 92 ուղևոր։ Իմանալով Հայաստանի և Ռուսաստանի հարավային հատվածի կապերի մասին` մենք չէինք կարող չբացել Ռոստովի, Կրասնոդարի, Ստավրոպոլի ուղղությամբ չվերթները», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տեպլիցկին։
Ավիաընկերության օդանավերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կմեկնեն շաբաթական 9 անգամ։ Ռոստովից և Ստավրոպոլից` երկուշաբթի, չորեքշաբթի, կիրակի օրերին, իսկ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին կիրականացվի Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չվերթը։
«Ամռանը ծրագրում ենք ավելացնել թռիչքների հաճախականությունը», — ասաց Տեպլիցկին։
«Ազիմուտը» երկրորդ ավիափոխադրողը կդառնա Ռոստով-Երևան երթուղում։ Շաբաթական չորս անգամ նման թռիչքներ է կատարում «Ուրալական ավիաուղիներ» ավիաընկերությունը։
«Ազիմուտ» ավիաընկերությունը նոր է շուկայում, իր առաջին չվերթն իրականացրել է 2017թ-ի սեպտեմբերի 21-ին։ Մեկ տարվա ընթացքում տեղափոխել է կես միլիոն ուղևոր։ «Ազիմուտի» ավիապարկում Sukhoi Superjet 100-ի 8 ինքնաթիռներ են, որոնք նախատեսված են 98 ուղևոր տեղափոխելու համար։