«Իշխանությունը մեզ խաբեց». «Ղեկը աջ» նախաձեռնությունը սպառնում է կաթվածահար անել Երևանը

Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները վստահ են, որ Հայաստանի նախկին իշխանությունը բառացիորեն խաբել է հասարակությանը` «թաքուն» շտկումներ անելով օրենքում։ Ցուցարարները հանձնվելու մտադրություն չունեն և պատրաստ են կտրուկ քայլեր անել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի դիմաց` պահանջելով չեղյալ հայտարարել աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու արգելքը։

Հիշեցնենք, որ Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ին։ Առայժմ արգելքը ժամանակավոր է` մինչև հոկտեմբերի 1-ը։ Բայց նախարարությունը մտադիր է այդ արգելքը մշտական դարձնել։ Սակայն, ինչպես պնդում են ցուցարարները, հասարակությանը չեն ծանուցել կատարված փոփոխությունների մասին։

«Դա ուղղակի խաբեություն է, ըստ էության նախկին կառավարությունը և տրանսպորտի նախկին նախարարը քննարկման են դրել մի հարց, բայց իրականում ընդունել են բոլորովին ուրիշ բան», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ակտիվիստ Արա Խաչատրյանը։

Ստացվում է, որ իշխանությունը խաբել է աջ ղեկով մեքենաներ ներկրողներին և ոլորտի հետ կապ ունեցող բոլոր մարդկանց։ Դիլերները, ընկերությունները վստահ են եղել, որ հոկտեմբերի 1-ից արգելքը կհանեն։ Շատերն ավտոմեքենաներ են պատվիրել Ճապոնիայում, և դրանք արդեն ճանապարհին են։

«Իշխանությունը մեզ խաբեց». «Ղեկը աջ» նախաձեռնությունը սպառնում է կաթվածահար անել Երևանը

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Խաչատրյանը վստահեցրեց, որ եթե գործող կառավարությունը չգնա զիջումների, ապա ցուցարարները կրկին բողոքի ակցիա կանեն և պատրաստ են նույնիսկ արգելափակել Երևանի երթևեկությունը։

Նշենք, որ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Աշոտ Հակոբյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում ասել էր, որ անցյալում ընդունած արգելքն անժամկետ է եղել և գործողության կոնկրետ ժամկետներ չի սահմանել։

«Հոկտեմբերի 1-ը սահմանել են որպես պայմանական ժամկետ, որպեսզի ժամանակ լինի իրավիճակը քննարկելու և հետագա անելիքները որոշելու համար։ Այնուհետև օրինագծում շտկումներ են կատարվել, ներկայացվել են կոնկրետ ժամկետներ», — ասաց Հակոբյանը։

«Իշխանությունը մեզ խաբեց». «Ղեկը աջ» նախաձեռնությունը սպառնում է կաթվածահար անել Երևանը

Այսօր տրանսպորտի նախարարությունը պատրաստ չէ փոփոխություններ կատարել օրինագծում` հաշվի առնելով, որ 2020թ-ի հունվարի 1-ից արգելք է ներմուծվելու աջ ղեկով մեքենաների ներկրման վրա ԵԱՏՄ բոլոր երկրների համար։ Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի համաձայն, մինչև 2020-ը ԵԱՏՄ բոլոր երկրներում պետք է արգելվի աջ ղեկով մեքենաների ներկրումը։