Հենրիխ Մխիթարյանը հուզիչ գրառում է արել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

Հանրահայտ ֆուտբոլիստը վստահ է, որ մեծագույն երգչի մահից հետո նրա գլուխգործոցներն ընդմիշտ մնան մարդկանց սրտերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական գրառում է հրապարակել Facebook սոցիալական ցանցում։

«Խոր ցավով տեղեկացա Շառլ Ազնավուրի մահվան մասին։ Մեծագույն արտիստը լքեց մեզ, բայց նրա բոլոր գլուխգործոցներն ու Հայաստանի հանդեպ նրա սերն ընդմիշտ կմնամ մեր սրտերում։ Մեզ համար, ինձ համար դու միշտ կմնաս FORMIDABLE։ Հանգչիր խաղաղությամբ, արտիստ»,- գրել է Մխիթարյանը և Ազնավւրի հետ լուսանկար հրապարակել։

94 տարեկան երգիչը մահացավ այսօր` հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Ազնավուրն ինքն իրեն միաժամանակ և՛ հայ, և՛ ֆրանսիացի էր անվանում։ Շառլ Ազնավուրի մահվան լուրին արդեն արձագանքել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։