«Շուտով հեռանալու եմ, դու պետք է ամեն ինչ իմանաս». Անտոնիա Արսլանը պատմել է հայ պապի մասին

Անտոնիա Արսլանը պատմում է ընտանիքի և նախնիների անցյալը բացահայտած իր պապի կյանքի ու ճակատագրի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի –Sputnik. Corriere della Sera–ի թղթակցի հետ զրույցում իտալահայ գրող Անտոնիա Արսլանը պատմել է այն հիշողությունների մասին, որոնցից ծնվել է կորուսյալ հայրենիքի մասին նրա «Արտույտների ագարակը» գիրքը։ Այսօր նա 80 տարեկան է, սակայն իր վաղ մանկությունն այնպես է հիշում, կարծես  երեկ լիներ։

Արսլանը հիշողության մեջ կարողացել է պահպանել նախնիների անունները։ Նրա պապը` Երվանդ Արսլանյանը, առաջին լարինգոլոգներից էր։ Ծնվել էր Խարբերդում 1865 թվականին, իսկ 15 տարեկանում Իտալիա էր եկել սովորելու։ Պադուայի համալսարանում նա բժշկություն է ուսումնասիրել։  Երբ այնտեղ խոլերայի համաճարակ է սկսվել, նա հասարակ սանիտար էր։ Այնուհետև Փարիզ մեկնել է, վիրաբուժություն սովորելու։ Այստեղ նա ամեն օր միայն հաց և մի բուռ չիր էր ուտում, ուրիշ ոչ մի բանի գումարը չէր բավականացնում։

Մահացել է Վիտորիո Տավիանին` «Արտույտների ագարակը» ֆիլմի ռեժիսորներից մեկը

Կյանքի մսաղացն իրենից հեռու էր։ Ֆիզիկապես նա ողջ մնաց, սակայն հոգեպես քայքայվել էր։ Այդ տարիների ընթացքում Երվանդ Արսլանյանը մոտ 3 տասնյակ հարազատների կորցրեց։

Գլուխը կորցրած` նա հարազատներին էր փնտրում։ Եվ գտավ Սմբատ անունով իր եղբոր երեք երեխաներին` Արուսյակին, Հենրիետային և Նուբարին։ Տղան ողջ էր մնացել, որովհետև, մայրը` Շուշանիկը, նրան աղջկա զգեստ էր հագցրել։ Նրանք երեքով մեծացան հորեղբոր մոտ, իսկ Նուբարը շարունակեց հորեղբոր գործն ու բժիշկ դարձավ։

Զավակներին շատ էր խղճում, այդ պատճառով ոչինչ չէր պատմում։ Եվ միայն 1947 թվականին,երբ արդեն 82 տարեկան էր, 9–ամյա թոռնուհուն ասաց. «Ես շուտով կհեռանամ այս կյանքից, այդ պատճառով դու պետք է ամեն ինչ իմանաս»։ Այդպես էլ եղավ. նա կյանքից հեռացավ երկու ամիս անց։

Արսլանը երկար տարիներ չէր գրում այդ մասին ։ Այնուհետև որոշեց` մարդիկ պետք է իմանան այդ ոճրագործության մասին, քանի կյանքից չեն հեռացել այն տարիների վերջին վկաները։

Մեծանալով` Արսլանն ավելի անխռով էր դառնում։ «Այլևս չկա որևէ բան, որն ինձ ուժեղ կմտահոգի։ Որևէ բան պատահելիս` ես անմիջապես հիշում եմ նախնիներիս հետ պատահածը», – ասում է Անտոնիա Արսլանը։

«Թուրքիա, լռի՛ր, դու պատասխանատու ես Հայոց ցեղասպանության համար». Նեթանյահուի որդի

… Նրա պապը` Երվանդը, դեռ ողջ էր, երբ Անտոնիան տենդով հիվանդացավ։ Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ նրա վիճակը գնալով վատանում էր։

«Պապիկս պենիցիլինով ներարկումներ էր անում ինձ, մեկը մյուսի հետևից։ Շատ ցավոտ էր, և նա ինձ ասում էր. «Դիմացի՛ր, յուրաքանչյուր ներարկման համար քեզ 50 լիրա կտամ»։  Իսկ ես նրան պատասխանում էի. «Եթե մահանամ, այդ ժամանակ 100 ական կտաս»։ «Լավ, 75–ով բարիշենք»», – ժպտում էր պապս։

Երբ առողջացա, նա ինձ Դոլոմիտյան Ալպեր տարավ։ Եվ այնտեղ, հյուրանոցում, նա ինձ պատմեց իր մոր` Իսկուհու մասին։ Երբ մայրը մահացել է, նա ընդամենը 3 տարեկան է եղել, իսկ մայրը` 19։ Նա մահացել է կրտսեր որդուն` Սմբատին լույս աշխարհ բերելիս։ Պատմելիս պապիկն արդեն 80 տարեկան էր, սակայն ասում էր, որ հիշում է խոհանոցից դուրս եկող մորից բուրող անուշ ճաշեր բույրը։

Պապը թոռնուհուն պատմել էր, թե ինչպես էին սպանել Սմբատին և նրա կնոջը։ Պատմել այնպես, որ նա իմանա, սակայն չզգա ցավը։ Որպեսզի դիմանա։ Չէ՞ որ թոռնուհին էլ արդեն պատերազմ էր տեսել։ Հիշում էր, ինչպես փողոցում` իր տան առաջ, նացիստները հանկարծակի գնդացիրներով կրակահերթ բացեցին, և ինչպես նա գլխակորույս իրեն առուն գցեց։ Հիշում էր, ինչպես էր նացիստների հետ պայմանավորվում մայրը` համոզելով, որ իրենք «ռեժիմի թշնամի» չեն և որևէ վատ բան չեն անի։

Այսօր արդեն 80–ամյա Անտոնիա Արսլանը հավատում է, որ յուրաքանչյուր մարդու ներսում աղբյուր կա, որից նա ուժ է ստանում։ Իր համար այդ աղբյուրը ընտանիքն ու նախնիներն են։ Նաև պատարագի համար նախատեսված «Տէր ողորմեա» երգը։