ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի –Sputnik. Հակամարտությունը կարող է դուրս գալ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի շրջանակներից, Վրաստանի «Starvision» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Արցախյան թեման կարևոր է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այն շատ կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար։ Այդ խնդրի լուծումը տեսականորեն կարող է մի քանի ճանապարհ ունենալ։ Սակայն, ինձ թվում է, իրատեսական է միայն մեկը», – ասել է Սարգսյանը։
Խոսքը, ըստ նրա, բանակցությունների մասին է։ Մյուս բոլոր ճանապարհները ռազմական գործողությունների, ավերածությունների, մարդկային ողբերգության են տանում։
Նրա խոսքով` Հարավային Կովկասում չափից շատ սպառազինություն է կենտրոնացած։ Ղարաբաղյան հակամարտությունը հեշտությամբ կարող է դուրս գալ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի դիմակայման շրջանակներից։
Եթե այն ծավալվի, կորուստներ կունենան բոլորը, այդ թվում Վրաստանն ու մի շարք այլ երկրներ։
«Բոլորս պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի միակ ճիշտ մոտեցումը` բանակցությունները, ոչ միայն ուժի մեջ մնան, այլև իրական արդյունքի հանգեցնեն», – ասել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերվել հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու, ինչպես նաև երկխոսությանն ու բանակցություններին հավատարիմ մնալու մասին։ Կողմերի երրորդ կարևոր պայմանավորվածությունը, ըստ պաշտոնական հայտարարությունների, նրանց միջև օպերատիվ կապի հաստատումն է եղել։