Ալիևը կիրթ մարդու տպավորություն թողեց. Փաշինյան

Երևանն ու Բաքուն մոտ ժամանակներս ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կհայտնեն երկու երկրների ղեկավարների միջև ուղիղ կապ հաստատելու ցանկության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի –Sputnik. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրթ մարդու տպավորություն թողեց»։ Լրագրողների հետ իր տպավորությունները կիսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ վստահ չի, որ Ադրբեջանը կպահպանի Դուշանբեում ձեռք բերած հրադադարի ռեժիմի պահպանման մասին պայմանավորվածությունները։ Սակայն նա պայմանավորվածությունների ձեռք բերումը կարևոր է համարում։

Ալիևի` Արցախի վերաբերյալ հայտարարությունը ներքին լսարանին է ուղղված. Փաշինյանի խորհրդական

«Իհարկե, ես համոզված չեմ։ Բայց կարևորն այն է, որ մենք պայմանավորվեցինք կոնտակտ հաստատել, վաղը ԵԱՀԿ ՄԽ–ի անդամներին պաշտոնապես կհայտնենք, որ պայմանավորվել ենք մշտական կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև», – ասաց Փաշինյանը։

Ըստ նրա` դեռ պարզ չէ, թե դա տեխնիկապես ինչպես է իրականացվելու։  Սակայն դա թույլ կտա ավելի օպերատիվ վերահսկել իրավիճակը։

Վարչապետը նաև նշեց, որ հայկական ԶՈՒ–ն 100% կատարում է ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Հույս ունեմ, որ Ադրբեջանի ԶՈՒ–ն նույնպես կգնա պայմանավորվածությունները լիարժեք պահպանելու ճանապարհով», – ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով` Ալիևը «նորմալ, դրական» տպավորություն թողեց։ Իրենք «քաղաքակիրթ» զրույց ունեցան։

«Նա կիրթ մարդու տպավորություն թողեց», – նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերվել հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու, ինչպես նաև երկխոսությանն ու բանակցություններին հավատարիմ մնալու մասին։ Կողմերի երրորդ կարևոր պայմանավորվածությունը, ըստ պաշտոնական հայտարարությունների, նրանց միջև օպերատիվ կապի հաստատումն է եղել։