Եկել էր օգնելու, սիրահարվեց հայուհուն և մնաց. ինչպես են ապրում իրանցիները Հայաստանում

Հայաստանն իրանցիների համար միայն համեղ կերակուրը, հետաքրքիր մշակույթը չէ, այլև մի երկիր է, որտեղ կարելի է բիզնես հիմնել։ Նման կարծիք ունեն Հայաստանում ապրող իրանցիներից շատերը։ Ոմանք 10 օր առաջ են եկել, ոմանք անհիշելի ժամանակներից` «մութ» 90-ականներից են այստեղ ապրում։ Sputnik Արմենիան զրուցել է նրանցից մի քանիսի հետ։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Շահավետ պայմաններով զրոյից սեփական բիզնեսը սկսել, միևնույն ժամանակ ապրել հարազատ վայրերից ոչ շատ հեռու և երեխաներ դաստիարակել մշակութային առումով հոգեհարազատ միջավայրում. սրանք են այն հիմնական չափանիշները, որոնցով առաջնորդվում են իրանցիները Հայաստան տեղափոխվելու որոշում կայացնելիս։

Համենայնդեպս, այդպես է կարծում իրանցի Հուսեյնը, որը Հայաստանում է ապրում ավելի քան 20 տարի։ Sputnik Արմենիայի թղթակիցը նրա հետ ծանոթացավ Երևանի կենտրոնում գտնվող «Կապույտ մզկիթում, որտեղ նա նամազ էր անում։

Նրանցից մեկը

Հուսեյնը Հայաստանում է ապրում 1996 թվականից։ Նա այստեղ էր «մութ ու ցուրտ» 90-ականներին` օգնելու եղբայրական ժողովրդին. Իրանից բերված պարենամթերք էր վաճառում «չնչին գնով»։

Иранец Хуссейн

«Իրանից մթերք էի բերում և ցածր գնով վաճառում, օրինակ` 1 կգ մակարոնի դիմաց ընդամենը 30 դրամ էի վերցնում։ Մնալու մտադրություն չունեի, սակայն սերն ամեն ինչ փոխեց», – ժպիտով ասաց Հուսեյնը։

Նա սիրահարվեց հայուհու և մնաց Հայաստանում։ Այսօր աշխատում է Մասիս քաղաքի սպանդանոցում, որտեղ անասունների «հալալ մորթ» են իրականացնում։ Ամսական մոտ 100 տոննա «հալալ» միս է արտահանվում տարբեր երկրներ` Քուվեյթ, ԱՄԷ և այլն։ Միակ բանն, ինչից դժգոհ է Հուսեյնը, գործազրկությունն ու ցածր աշխատավարձերն են։

Հայաստանն իսկական փրկություն դարձավ իրանցի Սեյեդմոհամադթաղի Ռադմանեշի (Seyedmohammadtaghi Radmanesh) համար։ Նա մեր երկիր է տեղափոխվել, երբ կորցրել է հարազատներին` ծնողներին, քրոջը։ Իր դժբախտության մասին չի սիրում խոսել, միայն ժպիտով աչքերը վեր հառելով և երկնքին մատնանշելով նշում է` ամեն ինչ Աստծու ձեռքում է։

Иранец Сейедмохаммадтаги Рамадеш в "Голубой мечети" Еревана

«Գալիս եմ մզկիթ, աղոթում եմ, էներգիա ստանում և այն մարդկանց փոխանցում։ Շնորհ ունեմ, ընտրյալ եմ, հիվանդություններ եմ բուժում», –Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Սեյեդմոհամադթաղին։

Արդեն 11 տարի է, ինչ նա Հայաստանում է։ Այդ ընթացքում տարբեր ոլորտներում է փորձել ուժերը, նույնիսկ հայկական սերիալներում էպիզոդիկ դեր է խաղացել, ինչպես նաև նկարահանվել է հայկական էստրադայի աստղերի տեսահոլովակներում։  Այսօր նա զբաղվում է դիզայնով և նախագծմամբ։

Սեյեդմոհամադթաղին խոստովանեց, որ մի շարք երկրներում է եղել, սակայն ամենից լավ իրեն Հայաստանում է զգում։

Ամուսնու հետևից

Ամուսնուց հետո Հայաստան է տեղափոխվել նաև կինը` Ֆաթիման (անունը փոխված է)։  Նրան ևս հանդիպեցինք մզկիթում։ Կինը, երեք տարեկան դստեր ձեռքը բռնած, արագ աղոթելու էր գնում։ Մի քանի րոպե մեզ հատկացնելու խնդրանքին նա սկզբում այդքան էլ պատրաստակամ չարձագանքեց, բայց ի վերջո համաձայնեց։

«Հայաստանում մարդիկ շատ լավն են, ընկերասեր, ուրախ եմ, որ աղջիկս նման ջերմ մթնոլորտում է մեծանում», – ասաց Ֆաթիման, գլխաշորի տակից երևացող մազերն ուղղելով։

Նրա համար դժվար է նոր իրողություններին, նոր մշակույթին հարմարվելը։ Փրկում է  մզկիթը, որտեղ ամեն օր, հատկապես հինգշաբթի օրերին, մի շարք իրանցիներ են հավաքվում։ Նրանք աղոթում են, շփվում, կիսվում տպավորություններով և պատմում խնդիրների մասին, միմյանց աջակցում օտար երկրում։ Հայաստանում Ֆաթիմայի ամուսինը ապակու մշակման փոքր ձեռնարկություն է հիմնել, նրանք այստեղ մի քանի ամիս են ապրում։

Aспирант Ереванского государственного университета Мариам Тороби в библиотеке "Голубой мечети" Еревана

ԵՊՀ–ի ասպիրանտ Մարիամ Թորոբին (Mariam Torobi) Հայաստան է եկել սովորելու համար։  Հայաստանի հետ ծանոթությունը սկսվել է Պարույր Սևակի բանաստեղծությունների ժողովածուից, որը Թորովին ընթերցել է պարսկերենով։  Հայաստանում նա ապրում և սովորում է 10 ամիս, որոնցից 4-ը աշխատում է մզկիթին կից գործող գրադարանում։

«Հայաստանը լավ երկիր է, բարեհամբույր ու հյուրընկալ մարդկանցով։ Ամենից շատ ինձ գրավում է այն, որ ձեր երկրում կան տարվա բոլոր եղանակները, հատկապես` հիանալի աշունը», – խոստովանում է Մարիամը մաքուր հայերենով։

Մարիամը մասնագիտությամբ լեզվաբան է և հենց հայոց լեզու է ուսումնասիրում։

Հայերը` պարսկերեն, պարսիկները` հայերեն

Իրանցիներից շատերը լավ են տիրապետում հայերենի, իսկ հայերը` պարսկերենի։  Եվ դա մեծամասամբ «Կապույտ մզկիթում» լեզուների ուսուցման դասընթացների շնորհիվ։ Ի դեպ, խորհրդային տարիներին մզկիթի տարածքում Երևանի պատմության և բնագիտության թանգարան էր գործում։

Преподаватель фарси при "Голубой мечети" в Ереване Гаяне Абгарян

1991 թվականից Իրանը 100 տարի ժամկետով վարձակալեց մզկիթն ու նրա տարածքը։ Մզկիթը Երևանում կառուցվել է 1766 թվականին Հուսեյն-Ալի խան Քաջարի կողմից։ 7000 քմ տարածքով ողջ համալիրն ունի ներքին բակ, ծիսական շինություն, գմբեթ և մինարեթ։ Ընդհանուր առմամբ կա 28 սրահ, իսկ հյուսիսային մասում գրադարանն է գտնվում։

Մզկիթի մի քանի սենյակներ դասարաններ են. այստեղ հայերը պարսկերեն են սովորում, իսկ իրանցիները` հայերեն։ Երկու տարի և 6 ամսվա ընթացքում կարելի է պարսկերեն սովորել, վստահեցնում է ուսուցչուհի Գայանե Աբգարյանը։ Նա 7 տարի այստեղ պարսկերեն է դասավանդում։

Գայանեի նախնիները Իրանից են, դրանով է կինը բացատրում այդ երկրի նկատմամբ ունեցած հատուկ սերն ու հակվածությունը։ Նա Հայաստանում է ծնվել, սակայն մի քանի տարի ապրել է Իրանում։ Հայաստան վերադառնալուց հետո, նա որոշել է գիտելիքները փոխանցել ցանկացողներին։

«Մի քանի անգամ եղել եմ Իրանում, հասկացել, որ պետք է զարգացնենք հարաբերություններն այդ երկրի հետ, ինչպես նաև տիրապետենք հարևանների լեզվին», –Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արման Զաքարյանը։

Նոր երկրին է ընտելանում նաև «Կապույտ մզկիթի» մոլլա Մահմուդ Մովահեդիֆարը  (Mahmood Movahedifar)։  Նա Հայաստանում կաշխատի 3 տարի։

Мулла "Голубой мечети" Еревана Махмуд Мовахедифар

«Ուրախ եմ այստեղ հայտնվելու համար, հին ժողովուրդներ ենք, կողք կողքի ենք ապրում երկար տարիներ։ Մեր մարդկանց ձեր երկրում շատ հեշտ է և հարմարավետ», –Sputnik Արմենիային ասաց Մովահեդիֆարը։

Հայաստանում, ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալների համաձայն հազար իրանցի է ապրում, սակայն, ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվը կարող է մի քանի անգամ ավելի լինել։